Երևանի քաղաքապետը՝ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու որոշումն ուշացնելու մասին
Այսօր խորհրդարանում լրագրողները Երևանի քաղաքապետ Հայկ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է ուշանում Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանի նշանակումը, ինչին ի պատասխան՝ Հայկ Սարգսյանն ասաց.
«Որպես այդպիսին, մեկ անգամ արդեն ասել եմ, որ երբ ժամանակը կգա, որպես այդպիսին, որոշումը կհրապարակվի»։
Ըստ նրա՝ այս պահին անհրաժեշտություն չկա խոսելու այն մասին, թե ինչու է ձգձգվում Ավինյանին այդ պաշտոնում նշանակելը։
Գործող քաղաքապետը չպատասխանեց հարցին, թե Ավինյանին նշանակելու որոշումն իրենո՞վ է պայմանավորված։
Նա նաև տեղեկացրեց, որ իրեն չեն առաջարկել անդամակցել ՔՊ-ին, այս պահի դրությամբ չի էլ ցանկանում կուսակցության անդամ դառնալ։
«Հարցը չի քննարկվել, աշխատանքային պրոցեսի մեջ եմ գտնվում։
Այս պահին դեռ չեմ որոշել՝ պաշտոնը թողնելուց հետո ինչ եմ անելու, ժամանակը կգա՝ կորոշեմ։
Դեռևս 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքը հրապարակել է, թե ինչ խնդիրներ կան քաղաքի հետ կապված, և այդ խնդիրները մենք մինչև այսօր էլ իրագործում ենք»,- հավելեց նա։
Միաժամանակ Երևանի քաղաքապետ Սարգսյանն ընդգծեց, որ քաղաքական թիմի հետ միասին են որոշում, թե վարչական շրջաններում ում նշանակեն ղեկավար։
Լրագրողների մեկ այլ հարցին ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը փոխանցեց, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ այս պահին որևէ շփում չունի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը լրատվամիջոցներից մեկին ասել էլ, որ կուսակցության վարչությունը որոշում է ընդունել, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ուստի նա էլ լինելու է քաղաքապետի թեկնածուն։