Կարելի՞ է արդյոք նվազեցնել լյարդի ալկոհոլային հիվանդությունից մահացության մակարդակը
Ալկոհոլի հետ կապված լյարդի հիվանդությունից մահացող հիվանդները մինչեւ մահը հաճախ դիմում են հիվանդանոցներ, եւ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլի ռիսկային օգտագործման հետ կապված խնդիրների լուծման համար հնարավորությունները, ամենայն հավանականությամբ, բաց են թողնվել:
Հետազոտությունը ցույց է տվել, որ լյարդի ալկոհոլային հիվանդությունից մահացած մարդիկ մինչեւ մահանալը միջինում 25 անգամ դիմել են Նոթինգհեմշիրի հիվանդանոցներ:
Հետազոտությունը, որը հրապարակվել է Drug and Alcohol Review ամսագրում, ղեկավարել են Նոթինգհեմի համալսարանի բժշկական դպրոցի աշխատակիցներ բժիշկ Մոհսեն Սուբհանին եւ Ռեբեկա Էլլեյը:
2018 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ ալկոհոլի օգտագործումը ավելի քան 3 միլիոն մահվան (տղամարդիկ՝ 2.3 միլիոն, կանայք՝ 0.7 միլիոն) եւ տարեկան 132.6 միլիոն հաշմանդամության ձեռք բերման դեպքերի պատճառ է հանդիսանում:
ԼԱՀ-ն վաղ փուլերում ասիմպտոմատիկ է եւ հաճախ ուշ է դրսեւորվում, երբ վիճակն արդեն անմխիթար է: Ուստի ալկոհոլի չարաշահման վաղ հայտնաբերումը կարեւոր է:
Նոր հետազոտության մեջ փորձագետները վերլուծել են մի շարք տվյալների բազաներից ստացված տվյալները՝ Նոթինգհեմշիրում մեծահասակների (18+ տարեկան) հայտնաբերման համար, ովքեր մահացել են ԼԱՀ-ից 5 տարվա ընթացքում (2012թ. հունվարից մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը): 5 տարվա ընթացքում գրանցվել է ԼԱՀ-ից 799 մահ: Նրանց կեսից ավելիի մոտ ախտորոշում չի եղել կամ արվել է մահից 6 ամիս առաջ:
Գիտնականները կարծում են, որ այս հետազոտության շնորհիվ նրանց մոտ հզոր մեթոդաբանություն է հայտնվել, որը կարելի է օգտագործել ալկոհոլի հետ կապված խնդիրների կառավարումը գնահատելու եւ բարելավելու, ինչպես նաեւ բուժման ամենաարդյունավետ ուղիներ գտնելու համար: