«Առանձին գործերով, ազնվորեն, չգիտեմ, թե ով է ճիշտ, ով՝ սխալ, բայց գործընթացը վատ չէ». Կարեն Անդրեասյան՝ դատախազություն-հակակոռուպցիոն կոմիտե բանավեճի մասին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը վստահեցնում է՝ դատախազության հայտարարություններից է տեղեկանում բողոքի ակցիաների ժամանակ բողոք-գանգատների մասին։

«Բազմիցս ասել եմ, որ ինձ մի ստիպեք, որպեսզի գործադիրն արտահայտվի, որովհետև դա կարող է համարվել ճնշում այն իրավապահ մարմինների վրա, ովքեր աշխատում են այս ուղղությամբ։ Ինչ վերաբերում է  այն հանգամանքին, որ քրեական գործեր են հարուցվում, ապա ես պետք է ասեմ, որ եթե լինում է բռնություն որևէ մեկի նկատմամբ՝ լինի տարեց մարդ, պատգամավոր, եթե լինում է բռնություն, ապա ես շատ ուրախ եմ, որ այդ բռնության դեմ հարուցվեն քրեական գործեր՝ անկախ քաղաքական բոլոր հայացքներից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Անդրեասյանը։

Ինչ վերաբերում է  Գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև առկա հակասություններին, որի մասին գրում է  մամուլը, Կարեն Անդրեասյանն ասաց, որ երբ որպես քաղաքացի՝ կոնկրետ գործերով կարդում է ամենը, ապա ըստ քրեական գործերի՝ իր մոտ որևէ միտք չի առաջանում, քանի որ հասկանում է, որ տվյալ քրեական գործով չեն կարող դատավոր լինել։

«Ես ուրախ եմ, որ տվյալ քրեական գործերը գնալու են դատարան, և դատարանում այդ ամենը շատ լավ պատասխաններ է ստանալու։ Իմ որոշ գործընկերներ դեմ են իմ այս մոտեցմանը, բայց ես առողջացում եմ սա համարում։ Այս հրապարակային բանավեճը, որը տեղի է ունենում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի, դատախազության, վաղը-մյուս օրը կարող  է լինել Արդարադատության նախարարության կամ այլ մարմնի միջև, առողջացման գործընթաց է։ Եթե հիշում եք, ժամանակին կար մեկ վատ երևույթ, սա կրկին նախկինների «բոստանը քար գցել չէ», երբ մի անձի պետք էր նստեցնել կամ ազատել, բոլոր մարմինները մի շարքով կանգնած՝ իրար ձեռք ձեռքի տված, անում էին նմանատիպ գործողություններ։ Սա ավելի վատ բան է ժողովրդավարության համար, քան այս բանավեճերը, որոնք մենք տեսնում ենք, որովհետև ի սկզբանե Սահմանադրությունը նախատեսել է, որ՝ այո, քննչական մարմինը պետք է  օպերատիվ մարմնի հետ ունենա բանավեճեր, և այլն։ Սա առողջ գործընթաց է, բայց առանձին գործերով, ազնվորեն, չգիտեմ, թե ով է ճիշտ, ով՝ սխալ, բայց գործընթացը վատ չէ, ես դրա կողմնակիցն եմ»,- ասաց Կարեն Անդրեասյանը։

Ինչ վերաբերում է Կառավարության նիստերի ժամանակ Արման Թաթոյանի անհամաձայնություններին կառավարության անդամների հետ, և լրագրողի դիտարկմանը, որ դրանից հետո նրա դեմ քաղաքական արշավ սկսվեց, Կարեն Անդրեասյանը նկատեց. «Եթե համաձայն լինեի այս ձևակերպումների հետ, կասեի, որ դա անառողջ է, բայց ես համաձայն չեմ։ Դուք հենց նոր ասացիք, որ իբր արշավ է սկսվել Արման Թաթոյանի դեմ։ Արշավ, այ, իմ դեմ էր սկսվել, այն, ինչ արվել է պարոն Թաթոյանի հետ, նույնիսկ արշավիկ չէ, նույնիսկ ջերմ հարաբերություն ու աջակցություն է եղել։ Կառավարության նիստին ես երկար ժամանակ չեմ գնացել, որովհետև համարել եմ, որ պաշտպանի ներկայությունն այդ նիստերին ոչ նպատակահարմար է։ Իմ իմանալով՝ պարոն Թաթոյանը մի քանի անգամ նիստերը բաց էր թողել, դրա համար էլ իր տեղը հանվել էր»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս