Կալանավորվել է Փաշինյանի հետևից էշով Երևան եկած տղամարդը, սուտ մատնության մեղադրանքով
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանը կալանավորվել է: Նա, հիշեցնենք, հանրությանն առավել հայտնի դարձավ նախորդ տարի, երբ ավանակի հետ եկել էր Ազգային ժողովի շենքի մոտ և հայտարարել՝ «Եկել եմ դավաճան կապիտուլյանտին էշի վրա թարս նստացրած տանեմ Իջևան»։
Ղուկասյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կալանավորելու հիմք է հանդիսացել իբր ոստիկանի դեմ սուտ մատնություն տալը։
«Նախորդ ամիս, երբ քաղաքացիները Իջևանից երթով եկել էին Երևան, դրա հաջորդ օրը Ալեք Մանուկյան-Գնունի փողոցների խաչմերուկում՝ ակցիայի ժամանակ, ոստիկանների կողմից անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով կոտրվել էր Սևադայի ատամը։ Այնուհետև ոստիկանության բաժանմունքում ՄԻՊ-ի աշխատակիցները Սևադային խորհուրդ էին տվել, քանի որ նման վնասվածք կա, պարտադիր հաղորդում տա, Սևադան հանցագործության մասին հաղորդում էր տվել։ Հաշվի առնելով, որ հաղորդումը ոստիկանի վերաբերյալ էր, գործը քննվում էր ԱԱԾ-ում»,- ասաց Սևադա Ղուկասյանի պաշտպանը:
Հարությունյանի խոսքով՝ գործն ԱԱԾ-ում քննվելու ընթացքում՝ մոտ մեկ շաբաթ առաջ, լրատվամիջոցներից մեկում անհայտ ծագումով ձայնագրություն էր տարածվել, որտեղ խոսակցության կոնտեքստից կտրված նախադասության կար, ընդ որում նախադասության կեսը, որտեղ Սևադան իբր ասում է՝ «Հեռախոսս նստած է, ատամս է կոտրված, գնում եմ ոստիկաններին շառ եմ անելու, թե ինչ․․․»։
«Այդ ձայնագրության հրապարակումից հետո գործը հրատապ կերպով կարճվեց, հաշվի առնելով, թե իբր սա հնարովի էր Սևադայի կողմից, ապա սուտ մատնության հոդվածով քրեական գործ հարուցվեց։ Այստեղ պարզ չէ, թե իրականում այդ կոնտեքստում ի՞նչ է ասում Սևադան, արդյոք դա մոնտա՞ժ է, թե՞ չէ, բացի դրանից, պարզ չէ նաև՝ կատա՞կ է անում, թե՞ չէ։ Դա հիմք հանդիսացավ, որպեսզի քրեական գործի կարճումից րոպեներ կամ ժամեր անց ձերբակալման մասին որոշում կայացնեն, այնուհետև կալանավորեն, իբր թե Սևադան կխոչընդոտի նախաքննությանը»,- ասաց պաշտպանը։
Սերգեյ Հարությունյանն ընդգծեց, որ սա նախադեպ է ստեղծում, որ որևէ մեկը չհամարձակվի հաղորդում տալ․ «Որ հանկարծ, տեսեք, հաջորդիվ դուք էլ կարող եք այդ վիճակում հայտնվել»։
Սևադա Ղուկասյանի պաշտպանը տեղեկացրեց, որ դատական նիստը երեկ 21։30-ի սահմաններում է ավարտվել, իսկ կալանավորման մասին որոշումը դատարանը հրապարակել է գիշերը՝ 01։00-ի սահմաններում։ Նա նաև հավելեց, որ որոշումը բողոքարկելու են։
Հիշեցնենք, որ Սևադա Ղուկասյանը Ֆրանսիայի հրապարակում 168.am-ի հետ զրույցում ևս նշել էր, որ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ կոտրել են իր ատամը։