
Վրաստանի և Նորվեգիայի զինվորականները համաձայնություն են ձեռք բերել համատեղ վարժանքների շուրջ

Վրաստանի պաշտպանության նախարարության ազգայն գվարդիան եւ Նորվեգիայի ներքին գվարդիան ստորագրել են համագործակցության հնգամյա պլան, որը նկատի ունի այդ թվում նաեւ համատեղ վարժանքներ: Այդ մասին հայտնում է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Վրաստանի ազգային գվարդիան եւ Նորվեգիայի ներքին գվարդիան ձեւակերպել են համագործակցության երկկողմ պլան, որով սահմանվել են հաջորդ հինգ տարվա հիմնական ուղղությունները: (…) Հնգամյա պլանի նպատակն է հրամանատարա-շտաբային վարժանքների անցկացումը գումարտակների, բրիգադների եւ շտաբների մակարդակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Փաստաթուղթը նաեւ ենթադրում է տարածքային պահեստազորի ստորաբաժանումների պատրաստման հայեցակարգի համատեղ մշակում եւ իրականացում, հավելել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում: Վրացական կողմից համագործակցության պլանն ստորագրել է Ազգային գվարդիայի հրամանատար բրիգադային գեներալ Ռոման Ջոխաձեն, իսկ նորվեգական կողմից՝ Ներքին գվարդիայի փոխհրամանատար բրիգադային գեներալ Մարտեն Էգգենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: