Հետո կասեն, թե աշխատում են… Իշխանական պատգամավորները կգործուղվեն Շարմ էլ Շեյխ, Ֆլորենցիա, Պրահա և Երուսաղեմ

Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է ԱԺ պատգամավորների և ԱԺ աշխատակազմի նոր գործուղումների որոշումներ։

Առաջինը մեր ուշադրությունը գրավեց Իտալիայի Ֆլորենցիա քաղաք կատարած գործուղումը, որի նպատակահարմարությունը, մեղմ ասած, անհասկանալի է։ Այսպես, ԱԺ իշխանական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամ Հրաչյա Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սիսակ Գաբրիելյանը, մինչև հունիսի 1-ը գտնվում էին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում՝ մասնակցելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) կողմից հրատարակված «Սուրբ Սոֆիա. Աստծո սուրբ իմաստության տաճարներն աշխարհում» գրքի շնորհանդեսին։ Ստացվում է, որ պետական բյուջեից Ազգային ժողովը նպատակահարմար է գտել ծախս անել և իշխանական երկու պատգամավորի ուղարկել Իտալիա՝ մասնակցելու գրքի շնորհանդեսի։ Թե ի՞նչ կենսական կարևորություն ունի հայ պատգամավորների մասնակցությունն այդ միջոցառմանը Հայաստանի համար նմանօրինակ լարված շրջանում, պարզ չէ։

ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Մերի Գալստյանը և Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էմմա Միքայելյանն ամռան առաջին օրերը՝ հունիսի 6-9-ը, կանցկացնեն Պրահայում։ Վերջիններս Չեխիա են մեկնում, ինչպես նշված է որոշման մեջ, աշխատանքային այցով, իսկ թե ի՞նչ է իրենից ենթադրում այդ աշխատանքային այցը, պարզ չէ՝ որևէ մանրամասներ չկան։

Հաջորդ, իր աբսուրդությամբ նախորդներին ոչ պակաս զիջող գործուղումը նախատեսվում է դեպի Եգիպտոս, Շարմ էլ Շեյխ։ Այսպես, հունիսի 14-17-ը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանը և ԱԺ նախագահի օգնական Դավիթ Առաքելյանը մեկնելու են Շարմ Էլ Շեյխ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 8-րդ համաշխարհային համաժողովի աշխատանքներին։ Կարծում ենք, ավելորդ է նշել, որ նմանօրինակ համաժողովները, որպես այդպիսին, որևէ կարևորություն իրենցից չեն ներկայացնում, փոխարենը հագեցած են լինում ժամանցային ու մշակութային ծրագրերով։ Մի խոսքով՝ քաղաքական տուրիզմ։

Չգիտես՝ ինչու, որոշում է կայացվել, որ բարեգործական ծրագրի շրջանակներում պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինվորների Երուսաղեմ այցի ժամանակ նրանց ուղեկցելու է ոչ թե մեկ, այլ երկու պատգամավոր։ Այս օրերին զինվորների առաջին խմբի հետ Երուսաղեմ են մեկնել ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը և Լուսինե Բադալյանը։ Ընդ որում, նմանատիպ գործուղումները շարունակական են լինելու, և, փաստորեն, ամեն խմբի հետ մշտապես մեկնելու է երկուական պատգամավոր։

Հիշեցնենք, որ նշյալ բոլոր գործուղումների դեպքում ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաև գիշերավարձը վճարվում է ՀՀ ԱԺ բյուջեից, ասել է թե՝ պետության հաշվին։

Այս «կարևոր» ու «հայանպաստ» գործուղումներին, ինչպես կարելի է նկատել, ընդդիմադիր պատգամավորներից և ոչ ոք ներգրավված չէ։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից Արմեն Գևորգյանը և Հայկ Մամիջանյանը միայն, լինելով ԱԺ ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամներ, ներգրավվել են հունիսի 19-25-ը սպասվող գործուղմանը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար։

Ազգային ժողովի նախորդ քառօրյային և տարատեսակ լրատվական ու սոցիալական հարթակներից իշխանական պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, անընդհատ մեղադրում են իրենց ընդդիմադիր գործընկերներին պետության կողմից աշխատավարձ ստանալու, բայց Ազգային ժողով չգնալու և դրա փոխարեն՝ փողոցային պայքար մղելու մեջ, մինչդեռ իրենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, շարունակում են պարտաճանաչ աշխատել, ծառայել ժողովրդին, մի բան էլ՝ ընդդիմադիրների փոխարեն։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Իրականում, իշխանական պատգամավորներն արտերկրում անցկացվող յուրաքանչյուր անկարևոր միջոցառման հրավեր ընդունում են կամ գուցե խցկվում հրավիրյալների ցանկերը՝ միայն թե ևս մի հնարավորություն ունենան պետության հաշվին ճամփորդելու։ Ընդ որում, իշխանական պատգամավորները գործուղումների ուղղությունների ընտրությանն էլ շատ հաշվենկատ են մոտենում. Շարմ էլ Շեյխ, Ֆլորենցիա, Պրահա, Երուսաղեմ՝ ինչ խոսք, տվյալ սեզոնի բոլոր առանձնահատկություններն ու առավելությունները հաշվի են առնված։ Հետո կասեն, թե աշխատում են։

Տեսանյութեր

Լրահոս