Բաժիններ՝

Կատրին Դընյովին շնորհվել է «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր մրցանակը

Ֆրանսիացի հռչակավոր դերասանուհի Կատրին Դընյովը Վենետիկի կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր մրցանակին է արժանացել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար: Հունիսի 1-ին այդ մասին հաղորդել է աշխարհի հնագույն կինոստուգատեսի տնօրինությունը, կինոստուգատես, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը: Պարգեւատրումը տեղի կունենա փառատոնի ժամանակ։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան նշել է, որ Դընյովը խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, որոնք դարձել են միջազգային հիթեր եւ նշվել աշխարհի առաջատար փառատոների պարգեւներով:

«Անվիճելի դերասանական տաղանդը՝ արտասովոր եւ նրբագեղ գեղեցկության զուգորդմամբ դերասանուհուն դարձրել են ֆրանսիական կինոյի դեմքը, ժամանակից դուրս ատիստուհի, մեծ էկրանի իսկական կուռք»,- ասել է նա:

Բարբերան նաեւ նշել է, որ Դընյովը ֆրանսիական կինեմատոգրաֆի «Նոր ալիքի» ակնառու ներկայացուցիչներից մեկն է, որն աշխատել է այնպիսի մեծանուն եւ ճանաչված ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ռոժե Վադիմը, Ժակ Դեմին, Լուիս Բունյուելը, Ֆրանսուա Տրյուֆոն, Ռոման Պոլանսկին:

Բազմիցս նրա խաղընկերներ են հանդես եկել Ժերար Դեպարդիեն եւ Մարչելո Մաստրոյանին, որից դերասանուհին ունի դուստր՝ Կյարան, որն այժմ նույնպես դերասանուհի է: Բունյուելի «Ցերեկային գեղեցկուհին»(Belle de Jour, 1967) կինոնկարը նրա մասնակցությամբ ստացել է Վենետիկի «Ոսկե առյուծի» գլխավոր մրցանակը: Դընյովը Վենետիկի Վոլպիի գավաթի դափնեկիր է՝ որպես լավագույն դերասանուհի Նիկոլ Գարսիայի «Վանդոմի հրապարակը» (Place Vend me, 1998) ֆիլմում կատարած աշխատանքի համար: Բացի դրանից, ֆրանսիացի դերասանուհին 2006 թվականին գլխավորել է Վենետիկի կինիոփառատոնի ժյուրին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս