
Անկարան դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ Անկարան ակնկալում է, որ Հելսինկին և Ստոկհոլմը իրական քայլեր կձեռնարկեն ահաբեկչության դեմ պայքարում:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանն ընդգծել է, որ Անկարան դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ զուտ սկանդինավյան այս երկրների կողմից ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու պատճառով։
«Ինչպե՞ս կարող ենք հավանություն տալ ահաբեկչությանը աջակցող պետությունների հայտին»,- ասել է Էրդողանը` հիշեցնելով, որ առանց Անկարայի աջակցության Դաշինքի սահմանների ընդլայնումն անհնար է:
«Մենք բացահայտ հայտարարեցինք, որ դեմ ենք երկու երկրների՝ ՆԱՏՕ մտնելուն՝ PKK-ի ահաբեկիչներին և այդ արյունալի կազմակերպության հետ կապված կառույցներին աջակցելու պատճառով։ Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելությունն է ապահովել անդամ երկրների անվտանգությունը։ ՆԱՏՕ-ում ահաբեկչությանն աջակցելու տեղ չկա»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ Թուրքիայի հակաահաբեկչական կուրսին աջակցելու Հելսինկիի և Ստոկհոլմի հայտարարությունները բավարար չեն, Թուրքիան իրական գործողությունների կարիք ունի: