Ոստիկանությունը 1 միլիոն դոլարի գնում է կատարել պետությանը թալանելու մեջ մեղադրվող ընկերությունից

ԱԺ-ում բյուջե-2021-ի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանը դիմեց իր փորձված պրիոմին՝ աննախադեպ ցուցանիշների հրապարակմանը, ոստիկանությունում ծախսերի մասին ինչ-ինչ հիմնավորումներով հանդես եկավ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, իսկ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն էլ ներկայացրեց պետական եկամուտների և միջոցների արդյունավետ ծախսման դրվագով վերահսկողության արդյունքները:

Այս համատեքստում 168.am-ը պաշտոնյաներին կրկին կհիշեցնի մի քանի դրվագներ ՀՊ տարեկան հաշվեքննություններից:

ՀՀ ոստիկանության 2021 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման նկատմամբ հաշվեքննության արդյունքները. Հաշվեքննությունն իրականացվել է 2022 թվականի փետրվարի 14-ից մինչև ապրիլի 30-ը։

Այսպիսով, տեղեկանում ենք, որ թեև ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ քաղաքապետը սույն բնագավառում իրականացնում է պատվիրակված այնպիսի լիազորություններ, ինչպիսինն է Երևանի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը՝ ճանապարհային գծանշումների, երթևեկության նշանների և լուսացույցների տեղադրման միջոցով, սակայն Երևան քաղաքում ճանապարհային գծանշումներ ձեռք բերելու համար պետական բյուջեից 475 միլիոն դրամ է նախատեսվել ՀՀ ոստիկանության 2021 թվականի գնումների պլանի «ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով։ Հայտարարվում է հրատապ բաց մրցույթ, հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2020 թվականի դեկտեմբերի 28-ը։

Ուշադրություն, այստեղ սկսվում է արտառոց պատմությունների դիպաշարը

Մրցույթի հրավերով նախատեսված ծառայությունների մատուցման համար պահանջների մասին՝ ինչպիսիք են՝ մասնակից կազմակերպությունում աշխատող նվազագույնը 20 աշխատակիցների առկայություն՝ նմանատիպ աշխատանքային փորձի առկայությամբ, անհրաժեշտ տեխնիկական միջոցների առկայություն, մասնակիցները տեղեկություն չեն տրամադրել:

Այդուհանդերձ, մրցույթին մասնակցում են երեք կազմակերպություններ՝ «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ, որը պետական գրանցում է ստացել 2020 թվականի դեկտեմբերի 24-ին, «Ուկռինվեստ» ՍՊԸ և «Ասկետ-16» ՍՊԸ՝ ներկայացնելով համապատասխանաբար՝ 466 միլիոն 776.000 դրամ, 466 միլիոն 800․000 դրամ և 468 միլիոն դրամ գնային առաջարկներ։

Գնահատող հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվում ներկայացված նվազագույն գնային առաջարկը։

2021 թվականի հունվարի 14-ին «Ուկռինվեստ» ՍՊԸ տնօրենը ստանձնում է նաև «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ տնօրենի պաշտոնը և 2021 թվականի հունվարի 16-ին կնքվում է «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ և ոստիկանության միջև ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիրը։

Այս ամենը գուցե արտառոց չլիներ, եթե 2020 և 2021 թվականներին ՀՔԾ-ն չտեղեկացներ, որ այս ընկերության սեփականատերն ու տնօրենը մեղադրվում է խաբեության եղանակով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումար` մոտ 256 մլն դրամ հափշտակելու մեջ։

2021 թվականի ապրիլին ՀՔԾ-ն մասնավորապես հայտնել էր, որ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է՝ 2018 թվականի ընթացքում «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է ճանապարհային գծանշումների, ինչպես նաև նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման ու շահագործման աշխատանքների մատուցման վերաբերյալ 1 միլիարդ 589 միլիոն 864 հազար դրամ արժողությամբ երեք պայմանագիր:

«Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, համաձայն հաղորդագրության, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2018-2019 թվականների ընթացքում, ի կատարումն վերը նշված պայմանագրերի «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃԵԿՀ բաժնի պետ Կոստանտին Կոստանյանից ստացված առաջադրանքների հիման վրա, տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններին էականորեն չհամապատասխանող ծառայություններ մատուցելու արդյունքում, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող պայմանագրերի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրություններում ու դրանց վերաբերյալ հարկային հաշիվներում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով և այդ փաստաթղթերն օգտագործելով՝ խաբեության եղանակով պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 255 միլիոն 824.768 դրամ։

Այս ոդիսականի հանգուցալուծմանն առանձին հրապարակմամբ դեռ կանդրադառնանք, իսկ մինչ այդ՝ տեղեկացնենք, որ ըստ gnumner.am կայքի՝ մոտ մեկ ամիս առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ավտոճանապարհների գծանշման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված հրատապ բաց մրցույթում կրկին ընտրված մասնակիցներից է «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն:

Ինչպես ասում են՝ կարծեք ոչ մի բան էլ չի եղել. ի՞նչ կա որ:

Տեսանյութեր

Լրահոս