Բազումի ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ շինարարական մի ընկերության աշխատակիցները, Վանաձոր քաղաքում խմելու ջրի խողովակները նորով փոխարինելիս, պարբերաբար ապամոնտաժում և գողանում են ջեռուցման համար նախատեսված երկաթյա խողովակները և վաճառում մետաղների ընդունման կետում:
Մայիսի 15-ին Բազումի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին բերման ենթարկվեց մետաղների ընդունման կետի աշխատակիցը՝ իր վարած բեռնատարով հանդերձ, որը բարձված էր խողովակով:
Քրեական հետախույզները շարունակելով միջոցառումները՝ հայտնաբերեցին և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին նաև ընկերության աշխատակիցներից 34-ամյա մի տղամարդու։ Նա հայտնեց, որ ինքն ու գործընկերներն են ապամոնտաժել ու վաճառել հայտնաբերված խողովակները։ Հետագայում պարզվեց նաև, որ նրանք նախկինում ևս խողովակներ են ապամոնտաժել ու վաճառել:
Հանգամանքներն ու տուժողին պատճառված վնասի չափը քննությամբ պարզվում են։