Սահմանին տեղի ունեցող միջադեպերը խանգարում են ողջ գործընթացին. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում սահմանազատման և սահմանագծման համար ստեղծված հանձնաժողովում իր տեղակալի ընդգրկվելու հարցին ի պատասխան՝ ասաց միայն, որ հավելյալ տեղեկատվություն չունի հանձնաժողովի գրաֆիկից։

«Տեղյակ եմ, որ առաջին հանդիպումը կայացել է։ Կարծում եմ՝ բավականին լավ ու կառուցողական հանդիպում է  եղել։ Տեղյակ չեմ, թե երկրորդ հանդիպումը երբ է  տեղի ունենալու»,- նշեց Գնել Սանոսյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ այդ «կառուցողական» հանդիպումից հետո թշնամու կրակոցից հայ զինծառայող է զոհվել, Գնել Սանոսյանը կրկնեց արդեն ասված տեսակետը՝ կոնկրետ տվյալ վայրի հանդիպումը եղել է կառուցողական, նորմալ քննարկում։

«Հիմա այստեղ մեզանից որևէ մեկն իրար չի՞ ծեծում, հիմա, որ դրսում ծեծեն՝ չի ստացվի, չէ՞, որ այստեղ ծեծեցին։ Այնտեղ, որտեղ այդ հանդիպումը տեղի է ունեցել, տեղի է ունեցել կառուցողական, նորմալ մասնագիտական քննարկում։ Առաջին հանդիպման համար բավականին կարևոր հարցեր բարձրացվել են, աշխատանքի որոշակի օրակարգ է սահմանվել, և այլն։ Այդ առումով դրական ենք գնահատում։

Մենք պետք է ցավով արձանագրենք, որ այդ միջադեպերը խանգարում են այն ամբողջ գործընթացը, որը տեղի է ունենում, և շատ դատապարտելի է, որ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ, որի արդյունքում մեր անմեղ տղաները, զինվորները կարող են նման անմտությանը զոհ գնալ»,- հավելեց նախարարը։

Նա նաև ընդգծեց, որ չի բանակցում, մանրամասներին չի տիրապետում, հետևաբար՝ չի կարող ասել՝ Հայաստանի ներկայացրած 6 կետերով Ադրբեջանը բանակցո՞ւմ է, թե՞ ոչ։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քարտեզներով տեղի կունենա սահմանազատումը, Գնել Սանոսյանը պատասխանեց, որ բոլոր կողմերը տարբեր քարտեզներ ունեն, և ամեն մեկն իր տրամադրության տակ եղած տեղեկությունը կտանի աշխատանքային դաշտ, և կփորձեն այդ քարտեզներով աշխատել։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին տեղի էր ունեցել սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողովի  նախագահների՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։

«Մայիսի 24-ին սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը եղել է կառուցողական։

Մենք առաջին հանդիպումն անցկացրեցինք սահմանին (հայ-ադրբեջանական սահմանին)։ Այս հանդիպմանը մենք քննարկել ենք բացառապես հետագա համատեղ աշխատանքի կազմակերպչական հարցեր, և այդ առումով հանդիպումը համարում եմ միանգամայն կառուցողական»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել էր Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս