Բաժիններ՝

Հնդկաստանը կարող է շուտով բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ արտոնյալ գնով ածխի ներմուծման շուրջը

Հնդկաստանի կառավարությունն առաջիկայում կարող է բանակցություններ սկսել Ռուսաստանի եւ մի շարք այլ երկրների հետ նվազեցված գնով ածխի ներմուծման շուրջ, խուսափելով վառելիքի անբավարարությունից, եւ պահուստային պաշարներ ստեղծելու նպատակով: Այդ մասին գրում է Mint հրատարակությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների:

«Կառավարությունը կարող է շուտով բանակցություններ սկսել Ռուսաստանի, Ավստրալիայի, Ինդոնեզիայի եւ Հարավային Աֆրիկայի հետ այն բանի համար, որպեսզի Coal India Ltd պետական ընկերությանն աջակցություն ցուցաբերի որպես արտակարգ միջոց նվազեցված գնով ածուխ ներմուծելու գործում՝ երկրի էլեկտրակայաններում վառելիքի անբավարարությունից խուսափելու եւ պաշարներ հավաքելու համար»,- գրում է թերթը:

Ըստ աղբյուրների տվյալների, հնարավոր միջկառավարական բանակցություններն անցկացվելու են արտաքին գործերի նախարարությունների ղեկավարությամբ՝ ֆինանսների, ածխարդյունաբերության եւ էներգետիկայի նախարարների, ինչպես նաեւ ածխի արդյունահանման եւ մշակման Coal India Ltd կորպորացիայի մասնակցությամբ:

Հրատարակությունը նշում է, որ Հնդկաստանը ցանկանում է դիմել այլ պետությունների օգնությանը, քանի որ ածխի ներքին մատակարարումները չեն կարողանում բավարարել էլեկտրակայանների ամենօրյա կարիքները եւ բավարար պաշարներ ստեղծել հունիսից մինչեւ սեպտեմբեր ընկած անձրեւային սեզոնի ժամանակաշրջանում: Երկրի կառավարությունում երկյուղում են, որ ածխի պաշարների անբավարարությունը կարող է ավելի ընդգրկուն էներգետիկ ճգնաժամի հանգեցնել սեպտեմբերին եւ հոկտեմբերին:

Այլ երկրներից ածխի ներմուծման Հնդկաստանի պահանջը նաեւ առաջացել է դրա պահանջարկի կտրուկ աճի պատճառով՝ էլեկտրաէներգիայի անջատման ֆոնին, որն այդ թվում պայմանավորված է սաստիկ տապով: Հնդկաստանի էլեկտրակայաններն օրական շուրջ 2 միլիոն տոննա ածուխ են վառում էլեկտրաէներգիայի մշակման համար, հիշեցնում է թերթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս