
«Նոր ալիք» երգի մրցույթը հետաձգվել է. այն նախատեսվում է անցկացնել 2023 թվականին

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային մրցույթը, որը նախատեսված էր անցկացնել 2022 թվականի օգոստոսին Սոչիում, հետաձգվել է: Այն նախատեսվում է անցկացնել 2023-ին:
Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել մրցույթի «Վ կոնտակտե» կայքի պաշտոնական էջում:
«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթը, որին մշտապես մասնակցում են ռուսական և համաշխարհային ճանաչում ունեցող հանրահայտ աստղեր, անցկացվում է 2002 թվականից: Մրցույթի գլխավոր հերոսները երիտասարդ արտիստներն են, որոնք տարբեր երկրներ ու աշխարհամասեր են ներկայացնում:
Մրցույթի անցկացման ժամկետների փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ հնարավոր չէ արտերկրի մասնակիցների և հյուրերի համար բարձր մակարդակով ապահովել հարմարավետ պայմաններ, տեխնիկական և կազմակերպչական գործընթացները:
Հայաստանը պարբերաբար մասնակցել է «Նոր ալիք» մրցույթին՝ արժանանալով բարձր գնահատականների: 2021 թվականին մրցույթում հաղթել է Հայաստանը, որը ներկայացրել է երիտասարդ երգիչ Սարո Գևորգյանը: