Գիտնականները պարզել են վիտամին D-ի առավելությունները ձվարանների քաղցկեղի բուժման մեջ

Ձվարանների քաղցկեղն ունի մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկը բոլոր քաղցկեղների շարքում: Սակայն Նագոյայի համալսարանի նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Matrix Biology ամսագրում, ցույց է տալիս, որ վիտամին D-ն կարող է արդյունավետորեն կանխել այս քաղցկեղի կողմից օգտագործվող հիմնական ուղիներից մեկը:

Ձվարանների քաղցկեղը հաճախ ենթարկվում է մի գործընթացի, որը կոչվում է պերիտոնիալ մետաստազացում: Այս գործընթացում դրա բջիջները առանձնանում են ձվարանների առաջնային օջախից եւ տեղափոխվում են երկրորդային իմպլանտացիայի վայր, ինչպիսին է, օրինակ, որովայնի պատը կամ դիաֆրագման: Փորը պաշտպանում է այս գործընթացից մի պատնեշով, որը բաղկացած է մեզոթելային բջիջներից, որոնք կանխում են քաղցկեղային բջիջների կպչելը եւ սահմանափակում դրանց տարածումը:

Սակայն ձվարանների քաղցկեղը շրջանցում է այս պաշտպանությունը՝ պաշտպանիչ մեզոթելային բջիջները փոխակերպելով քաղցկեղային մեզոթելային բջիջների: Սա ստեղծում է միջավայր, որը նպաստում է մետաստազների առաջացմանը՝ թույլ տալով քաղցկեղին տարածվել ամբողջ օրգանիզմում:

Մի խումբ գիտնականներ՝ Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկ Մասատո Յոշիհարայի ղեկավարությամբ, համագործակցելով Bell հետազոտական կենտրոնի եւ Նագոյայի համալսարանի բարձրագույն բժշկական դպրոցի պաթոլոգիայի բաժանմունքի գործընկերների հետ, պարզել են, որ վիտամին D-ն ոչ միայն հակազդում է այս գործընթացին, այլ նաեւ վերականգնում է քաղցկեղային մեզոթելային բջիջները՝ մինչեւ դրանց սկզբնական վիճակ: Այս գործընթացն ամրապնդում է մեզոթելային բջիջների պատնեշային ազդեցությունը եւ նվազեցնում քաղցկեղի հետագա տարածումը։ Հետազոտության արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ վիտամին D-ի թերապիան կարող է օգտակար հավելում լինել ձվարանների քաղցկեղի բուժման համար:

med.news.am

Տեսանյութեր

Լրահոս