Հիշեցում հայ «առաջադեմներին»
Հայաստանի «առաջադեմ» գործիչները «հուզված» են, «Անտեր ես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար։Դրանք պահանջում են ոստիկանությունից պատժել բռնություն կատարողներին։ ․․․Ծափահարություններ․․․
1․ Չգիտես՝ ինչու այդ «առաջադեմները» ծպտուն չէին և չեն հանում, նույն ոստիկանության կողմից բռնի գործողություններ իրականացնելիս՝ ասֆալտին պառկեցնել, ձեռնաշղթաներով ոստիկանական բաժնում նվաստացնել և խոշտանգել, խաղաղ հավաքների մասնակիցներին անհարկի, բռնի ուժով բերման ենթարկել և այլ վայրենություններ։
2․ «Առաջադեմները» ծպտուն չհանեցին և «մոռացան» Արա Մխիթարյանի ծեծը, Մհեր Եղիազարյանի մահը, քպ-ական նախարարի կողմից լրագրողի ծեծը և այլ դեպքեր։ «Մոռացան», որ այդ բռնությունների պատասխանատուներից մեկն այսօր պատգամավոր է, մյուսը ԱԺ փոխնորդ, ներեցեք՝ փոխխոսնակ։
3․ «Առաջադեմներից» շատերը ծպտուն չհանեցին, ոմանք թեթև անդրադարձան վարչապետ կոչեցյալի ավտոշարասյան կողմից հղի կնոջ դաժան սպանությանը։
4․ Արմեն Մարտիրոսյանի դեպքն ինձ հիշեցրեց, թե ինչպես 2020թ․ իմ նկատմամբ սադրանք իրականացվեց։ Անցնում էի կառավարության շենքի առջևով։ Ինչպես միշտ շենքի առջևի մասում ոստիկանական շղթա էր։ Ոստիկանների մեջ կանգնած նախկին հանցագործն ինձ սադրեց և հայհոյեց։Երբ ես ջղայնացած փորձեցի պատասխանել, ոստիկաններն ինձ բերման ենթարկեցին, իսկ նախկին հանցագործը ժպիտը դեմքին նստեց ոստիկանական մեքենան։ Սա այս գարշաիշխանության ձեռագիրն է, և այս անգամ նախկին հանցագործին փոխարինել են «մտավորական», անհայրենիք Արմեն Մարտիրոսյանով։
5․ Անհարգելի «առաջադեմներ», մի պահ պատկերացրեք, որ աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, դիցուք Նորվեգիան պատերազմում դաժան պարտություն է կրում, կորցնում հայրենիքի մի հատված։Համոզված եղեք, որ քաղաքակիրթ նորվեգացիները ոտքերի տակ կգցեին ոչ միայն պարտության պատասխանատու իշխանության բոլոր ներկայացուցիչներին, այլև իրեն հայրենիքը թշնամու տարածք հայտարարող ողորմելի «մտավորականներին», իհարկե, եթե նրանց մեջ այդպիսիք լինեին։
Ավետիք Իշխանյան