
ԵՄ-ում աշխատում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա

Եվրամիությունը (ԵՄ) կշարունակի ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի իրադրության պատճառով եւ ռազմական օգնություն ցույց տալ Կիեւին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աննալենա Բերբոքը Տալինում Էստոնացի պաշտոնակից Էվա Մարիա Լիյմետսի հետ հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում: Հեռարձակումը վարել է MTV հեռուստաալիքը։
«Մենք Բրյուսելում աշխատում ենք (պատժամիջոցների) հաջորդ փաթեթի վրա: Մենք կմեծացնենք ճնշումը Ռուսաստանի ռազմական մեքենայի վրա եւ միաժամանակ կանենք ամեն ինչ, որպեսզի հետագայում էլ աջակցենք Ուկրաինային զենքով եւ սարքավորանքով»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Բեռլինի համար տաբու չկա Ուկրաինային ծանր սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: