Արցախին՝ շանտաժ, ժողովրդին՝ վախեցնել՝ վերքի վրա աղ լցնելով… Եթե նոյեմբերի 9-ի էջը շուռ չտանք, անընդհատ կորցնելու և կոտորվելու ենք. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է: Բանախոսը նշել է․
- Այսօրվա ելույթով Նիկոլ Փաշինյանը նոր զոհերով վախեցնելու փորձ էր անում՝ ասելով՝ եթե այն ժամանակ մինչև պատերազմը տայինք շրջանները, զոհեր չէինք ունենա, հիմա եթե չտանք՝ ավելի շատ զոհեր կունենանք:
- Ժողովրդին վախեցնելով, վերքի վրա աղ լցնելով՝ նախապատրաստում է Արցախի մնացած կտորներն Ադրբեջանին հանձնելուն:
- Նիկոլ Փաշինյանն օտարների շահը սպասարկող գործիք է, եթե չաշխատեց՝ ուրիշին են բերելու:
- Եթե նոյեմբերի 9-ի էջը շուռ չտանք, մենք անընդհատ կորցնելու և կոտորվելու ենք:
- Սա խաղաղության դարաշրջանի բացում չէ, սա ամբողջ Հայաստանի հանձնում է թուրք-ադրբեջանական տարածաշրջանային քաղաքականությանը:
- Գործող իշխանությունները պայքարում են իշխանության, սեփական ռեսուրսներն ու սեփական բարեկեցությունն ավելացնելու համար՝ ընդհանուրի հաշվին:
- Հայ-ադրբեջանական հակամարտության պատմության մեջ առաջին անգամ Բրյուսելում շեշտադրման փոփոխություն է եղել՝ Արցախը, արցախյան հիմնախնդիրը, կարգավորման հարցը չկա:
- Հայկական կողմը գնում է Բրյուսել ադրբեջանական օրակարգով, Ալիևը կարողացել է հասնել դրան:
- Եթե մեկ խոսքով ասենք՝ Փաշինյանն այսօր իր ելույթում առաջին անգամ հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում Արցախը լինելու է Ադրբեջանի մաս ինչ-որ կարգավիճակով:
- Ադրբեջանն իր կամքն է թելադրում, և Հայաստանը հայտարարում է, որ պետք է գնալ դե յուրե գոյություն ունեցող փաստաթղթերով ինչ-որ լուծումների:
- Բանը բանից անցել է, հասցվել է այն վիճակին, որ եթե անգամ այսօր երեկոյան Նիկոլը հեռանա, նոր իշխանությունը ստիպված է լինելու բախվել ադրբեջանական ագրեսիային:
- Այս իշխանությունները ոչ միայն չեն ասում, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, այլ ընդհանրապես Արցախի Հանրապետություն չեն ասում:
- Այս իշխանությունները լուծում են մեկ հիմնական խնդիր՝ հայկական ռեսուրսներն Ադրբեջանին և Թուրքիային զիջելով՝ պահել սեփական իշխանությունը:
- Ալիևը սպառնում է, ըստ երևույթին խաղաղության պայմանագիր կոչվածի մեջ ցանկանում է մեկ կետ ունենալ՝ սահմանափակել Հայաստանի հնարավոր ռազմական պոտենցիալը ապագայի համար: Վստահ եմ, պնդելու են, իսկ եթե Նիկոլը շարունակի մնալ վարչապետ՝ ստորագրելու է:
- Ալիևը մի քանի անգամ ուղերձ է հղել, որ իրենք դեմ են Ռուսաստանի քաղաքականությանը, ձեռնոց է նետել և պահանջել փոխհատուցում:
- Էրդողանը տարածաշրջանում ձևափոխություններ է անում, պետք է զսպել մեր տարածաշրջանում թուրքական էքսպանսիան:
- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռեալ վտանգներ է տեսնում. Փարուխի զարգացումները վկայում են, որ Հայաստանը չի ստանձնում Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունները:
- Արայիկ Հարությունյանը հասկացել է, որ այս մարդիկ Արցախը տանում են կործանման:
- Հայաստանից լուրջ շանտաժի էլեմենտ կա Արցախին՝ եթե չենթարկվեք մեր, իսկ իրականում՝ Ալիևի որոշումներին, կունենաք էս, էս ռիսկերը:
- Այն պահից, երբ հանրությունը հոգնեց, զզվեց, լինելու է այդ հանրության ոչնչացման սկիզբը, պետականության վերջնական կորուստը:
- Ընդդիմությանը միասնական օրակարգ, ճանապարհային քարտեզ է պետք, որի վերջնանպատակը պետք է լինի երկիրը զարգացնելը և ոչ թե՝ միայն Նիկոլին հեռացնելը: Ընդդիմության ծրագրի սկիզբը պետք է լինի իշխանափոխությունը, բայց ոչ նպատակը, և ոչ էլ ավարտը:
- Կարևորը, որ էլիտաները ձևակերպեն օրակարգը, ստանձնեն պատասխանատվություն և դառնան ժողովրդի դեմքը. ժողովուրդը միշտ նմանվում է իր ակտիվ փոքրամասնությանը՝ էլիտային: