
Հայտնի են 2022-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման ժամկետները

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը 2022-ին տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև՝ ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոններից։
Հայտարարվել է նաև փառատոնի արտադրական հարթակի՝ GAIFF Pro հավատարմագրման բացման մասին։
GAIFF Pro-ն սկսում է C2C նախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի հայտերի ընդունումը: C2C շուկան այս տարի տեղի կունենա հուլիսի 11-15-ը:
Որպես GAIFF Pro-ի բաղադրիչ՝ C2C տարածաշրջանային համատեղ արտադրության շուկան Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային հարթակ է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ռեժիսորի առաջին կամ երկրորդ ֆիլմի նախագիծը, ինչպես նաև այն ներկայացնել կինոոլորտի միջազգային մասնագետներին՝ խթանելով և հաստատելով համագործակցություն երկրների միջև: