Ունենք սերմի դեֆիցիտ, ունենալու ենք ձեթի բարձր գնաճ, թանկանալու է ցորենի գինը. Հարություն Մնացականյան
«Երբ ռուս-ուկրաինական պատերազմը եղավ, և ՌԴ-ն սկսեց էմբարգոներ դնել, մեզ մոտ տեղական շուկայում խուճապ առաջացավ: Լարսի փակվելուց հետո հացահատիկային մշակաբույսերի գները բավականին բարձրացան:
Ու թեև իշխանություններն ասում էին, որ հացի խնդիր չի լինի, բայց այստեղ կարելի է նայել այլ տեսանկյունից: Այստեղ միայն հացի խնդիրը չէ. երկրում 200 հազար տոննայից ավելի ներմուծվում է անասնակեր»,- «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց գյուղատնտես Հարություն Մնացականյանը՝ տեսակետը հիմնավորելով, որ անասնակերի պակասի հետևանքով այսօր Հայաստանում տեղի է ունենում կենդանիների՝ խոշոր եղջերավորների, խոզերի, թռչունների մեծաքանակ մորթ:
Գյուղատնտեսը շեշտեց, որ սա երկարաժամկետ կտրվածքում լուրջ խնդիրների է հանգեցնելու, քանի որ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի վերականգնումը պահանջում է երկար տարիներ։
Հարություն Մնացականյանն այս իրավիճակում ակնկալում էր պետության միջամտությունը, ինչի ականատեսը չենք եղել: Հաջորդ խնդիրը, ըստ գյուղատնտեսի, սերմերի խնդիրն է:
«Անցած տարի, երբ սերմերի սուբսիդավորման հարցը բարձրացվեց, և որոշեցին այս տարի այդ սուբսիդիան չտալ, շատ գործարարներ սերմ չներկրեցին։ Եվ այսօր ունենք սերմացուի մեծ դեֆիցիտ՝ չկա գարնանացան գարու, ցորենի սերմ և այլն»,- ասաց նա:
Բանախոսի կանխատեսմամբ՝ խնդիրն առավել կխորանա, եթե ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվի մինչև մայիս ամիս։ Ըստ նրա՝ այդ դեպքում ականատես կլինենք նաև ձեթի բարձր գնաճի, իսկ հաշվի առնելով հացահատիկի համաշխարհային գների աճը՝ Հայաստանում ևս նման բացասական միտումներ կարձանագրվեն: Ի դեպ, գյուղատնտեսը հացահատիկային խնդիրը դիտարկեց նաև Արցախյան պատերազմում կրած պարտության համատեքստում՝ նկատելով, որ շուրջ 90 հազար հեկտար հողերի կորուստ է եղել:
Հարություն Մնացականյանը շեշտեց՝ գյուղատնտեսության զարգացման թիվ մեկ նախապայմանը ոռոգման համակարգի բարելավումն է, սակայն Հայաստանն աշխարհում ունի ջրային ռեսուրսների ամենամեծ կորուստը՝ 70 տոկոս. «7 մլրդ խմ ջրից 5 մլրդ խմ-ն կորցնում ենք վատ մենեջմենթի հետևանքով»:
«Մեր պետությունն անընդհատ պետք է ֆորսմաժորային, իրավիճակային անհետաձգելի որոշումներ կայացնի, ինչը չի անում, որովհետև չունենք գյուղատնտեսության նախարարություն, որը փակել են»,- ամփոփեց նա: