Փաշինյանի հայրենասիրական զեղումներն ու նոր վտանգի սպառնալիքը
Կառավարության մարտի 31-ի նիստում, ի զարմանս բոլորի, Նիկոլ Փաշինյանը վերջապես որոշեց ոչ թե զերծ մնալ Արցախում կատարվող դեպքերն ու իրադարձությունները մեկնաբանելուց, ինչպես վերջին շրջանում է անում, այլ մանրամասն անդրադարձավ Արցախում Ադրբեջանի վարած քաղաքականությանը, ագրեսիային, առաջադրվող պայմաններին ու իրական նպատակներին:
Պատերազմից մեկուկես տարի անց, կապիտուլյացիա ստորագրած Նիկոլ Փաշինյանը վերջապես արձանագրեց ու բարձրաձայնեց փաստեր, որոնց մասին ամիսներ շարունակ ահազանգում են քաղաքական, հասարակական ու փորձագիտական շրջանակները:
Ի՞նչ էր սա: Ի՞նչ նպատակ ուներ, ո՞ւմ էր այն ուղղված, և որո՞նք էին կոնկրետ ուղերձները: Արդյո՞ք սա ներքին լսարանին մոլորեցնելու հերթական փորձը չէր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասունանում է հանրային բողոքի ալիք, որը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ, թե՞ փորձ էր ցույց տալու, իբր կառավարությունն աշխատում է, և անվտանգային խնդիրներն ուշադրության կենտրոնում են, կամ գուցե իրավիճակն այնքան է սրվել, որ իրականությունը կոծկել այլևս հնարավոր չէ՞: