«Կա բարձրաստիճան պաշտոնյա, ով ազդեցություն ունի ԱԱԾ-ի, Դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի վրա. այդ պաշտոնյային Մհեր Տերտերյանը կաշառում է». Հակոբ Ճարոյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ընթերցելով «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանի կնոջ՝ Նաիրա Տերտերյանի դիմումը:

Մհեր Տերտերյանը, ով որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար՝ հանդիպումներ է ունենում Նիկոլ Փաշինյանի հետ, ըստ կնոջ, ծեծել ու ունեզրկել է իրեն: Հարուցված են քրեական գործեր, որոնք, սակայն, տեղից չեն շարժվում:

168.am-ը զրուցել է Նաիրա Տերտերյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի հետ, ով ներկայացրել է քրեական գործերի հարուցման հիմքերը, Մհեր Տերտերյանի՝ իր կնոջից ամուսնալուծվելու մոտիվները, և այն, թե ինչու գործը տեղից չի շարժվում:

Հակոբ Ճարոյանի խոսքով՝ քաղաքական գործիչ ներկայացող Մհեր Տերտերյանն իր կուսակցությունը բացել է 2021թ. ապրիլի 25-ին, երբևէ որևէ հարցով քաղաքական դիրքորոշում չի հայտնել, իսկ 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ 88 հոգանոց ցուցակով մասնակցելով ընտրություններին՝ հավաքել է մոտ 957 ձայն, 0.08 %:

«Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ այս անձը քաղաքական գործիչ է, դա արդեն իրենց խնդիրն է»,- ասաց Հակոբ Ճարոյանը:

Հարցին՝ ինչո՞ւ հարուցված քրեական գործերը չեն շարժվում տեղից, Նաիրա Տերտերյանի շահերի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանն ասաց՝ խարդախության գործը հարուցվել է 2020թ. մայիսի 15-ին, նույն տարվա սեպտեմբերին կեղծ փաստաթղթեր կազմելու վերաբերյալ գործն է հարուցվում, ու երկու գործերը միացվում են իրար:

«Եվ քանի որ գործն անընդհատ ձգձգվում էր, չէին հարուցվում այլ գործեր, ես Քննչական կոմիտեի նախագահի անունով գրում եմ վերլուծություն, հիմնավորում եմ՝ ինչու չի հարուցվում: Իսկ չի հարուցվում, որովհետև գոյություն ունի պաշտոնյա, ով Մհեր Տերտերյանից վերցնում է կաշառք, արդյունքում՝ գործերը վարող քննիչներն ու դատախազները կաշկանդված են հենց այս պաշտոնյայի հանձնարարություններով»,- ասաց Հակոբ Ճարոյանը:

Հարցին՝ արդյո՞ք խոսքը Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի մասին է, որովհետև մամուլում հենց նրա անունն է նշվել, փաստաբանն ասաց՝ կա ավելի բարձրաստիճան պաշտոնյա, բայց որ Տրդատ Սարգսյանը նույնպես կարող է լինել այդ պաշտոնյաների թվում, ինքը հավանական է համարում, քանի որ հենց նրա՝ մարզպետ լինելու օրոք է ինքն այդ գույքերը ձեռք բերել:

«Իրականում կա պաշտոնյա, որն այն բարձրաստիճան պաշտոնյան է, ով ազդեցություն ունի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ), Դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի վրա: Այդ պաշտոնյային Մհեր Տերտերյանը, քանի որ ունի փող, կաշառում է»,- ասաց Հակոբ Ճարոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս