«Ադրբեջանցիները շարունակում են մնալ Փառուխում, ուղղակի չկրակելու պայմանավորվածություն կա». Մետաքսե Հակոբյան

«Ադրբեջանցիները շարունակում են մնալ Փառուխում: Ուղղակի կան չկրակելու պայմանավորվածություններ: Ադրբեջանցիները հենց հետ քաշվեն՝ այդ ինֆորմացիան վայրկյաններ անց կհայտարարվի, քանի որ սա արդեն Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եղած հարց է, որը հանրայնացվելու է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ի պատասխան մամուլում շրջանառվող այն տեղեկատվության, թե ռուս խաղաղապահների բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները հետ են քաշվել Փառուխից:

Ինչ վերաբերում է Արցախի գազամատակարարմանը, նա նշեց, որ միայն կարող են ենթադրել, որ ռուսական կողմն այդ ուղղությամբ էլ է աշխատում. «Դա սուտ է, որ ադրբեջանցիները վերանորոգման աշխատանքներ են կատարում, հաստատ փական կա դրված, այսինքն՝ եթե մենք գազ ունենանք, դա էլի ռուսների շնորհիվ ռուսական գազն ենք ստանալու»:

Պատգամավորը նշեց, որ վախեր ունեին, որ ինչպես Հայաստանում ադրբեջանցիներն առաջ եկան և որևէ կերպ հետ չգնացին, նույնը կլիներ Արցախում. «Միակ տարբերությունն այն է, որ հարթակից դուրս են եկել ՀՀ իշխանությունները, որևէ գործունեություն չեն ծավալում՝ Արցախի հետ կապված, և Ռուսաստանը բանակցում է Ադրբեջանի հետ: Այդ հույսով ենք, որ քաղաքական առումով Ադրբեջանին պետք է որ ձեռք չտա այն ագրեսիվ պահվածքը, որը նա դրսևորում է ՌԴ հանդեպ: Լուծումը միայն քաղաքական է լինելու, և մենք այն իրավիճակում ենք, որ ուղղակի ունենք ազդակներ, որ այդ գործընթացը գնում է, պետք է սպասենք, որ արդյունքը տեսնենք: Մենք չկանք այդ գործընթացի մեջ, դիմել ենք՝ Ռուսաստանը անում է»:

Տեսանյութեր

Լրահոս