Ո՞ր օրենքին էր հղում անում «օրենք գրող» Հովիկ Աղազարյանը
168.am-ն արդեն տեղեկացրել է, որ Վեդիի 13/01 ընտրատեղամասում գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ցուցումներ էին տալիս տեղամասում հերթապահող ոստիկանին և հանձնաժողովի անդամներին: Պատգամավորները նաև պնդում էին, որ օրենքով իրավունք ունեն գտնվել ընտրատեղամասում:
«Օրենքը ես եմ գրել, լավ չեմ տիրապետո՞ւմ»,- ի պատասխան 168.am-ի լրագրողի դիտարկմանը, թե իրավունք չունի գտնվել ընտրատեղամասում, ասել էր Հովիկ Աղազարյանը:
Նա նաև լրագրողին դուրս էր հրավիրել, որպեսզի ցույց տա այն օրենքը, որով ինքն իրավունք ունի գտնվել ընտրատեղամասում: «Օրենքը հո գրպանումս չի՞, եկեք՝ ցույց կտամ»,- նշել էր Աղազարյանը:
Ի գիտություն Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի՝ Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11-րդ կետը սահմանում է. «Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում քվեարկության սենյակում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա գտնվելու վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Ընտրական հանձնաժողովների նիստերը (այդ թվում՝ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստը), ինչպես նաև քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը»: