Պետական ողջ համակարգը Գարիկ Սարգսյանի քարոզարշավով է զբաղված. «Այցս համընկել է». Գևորգ Բաբայան
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում այս կիրակի՝ մարտի 27-ին, ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն: Ընտրապայքարի են դուրս եկել «Իմ հզոր համայնք» և Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունները:
Այսօր երկու կուսակցություններն իրենց եզրափակիչ քարոզարշավն անցկացրեցին:
168.am-ը Վեդի քաղաքում՝ ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանի քարոզարշավին ֆիքսել է բազմաթիվ պաշտոնյաների, որոնք եկել էին իրենց աջակցությունը հայտնելու իրենց թիմակցին:
Ուշագրավ է, որ բացի արձակուրդում գտնվող պաշտոնյաներից քարոզարշավին մասնակցում էին նաև ոչ արձակուրդում գտնվողները:
Օրինակ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը:
«Այս պահին արձակուրդում չեմ գտնվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:
Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս եք մասնակցում քաչոզարշավին՝ աշխատանքային ժամին, Բաբայանը նայեց ժամացույցին և ասաց, որ ընդմիջման ժամ է:
Իսկ թե ինչպե՞ս և ի՞նչ արագությամբ էր Երևանից սլացել Վեդի, որ 13:15-ին՝ մեր զրույցի պահին, մասնակցում էր թիմակցի քարոզարշավին, Բաբայանը մեկ այլ հետաքրքիր դիտարկում արեց՝ աշխատանքն է համընկել քարոզարշավին.
«Երևանից այդքան արագ չեմ հասել: Իմ գործառույթների շրջանակում է նաև մտնում պետական գույքի տեղազննություն իրականացնել, ուսումնասիրություն իրականացնել»:
-Եվ դա իրականացնում եք Գարիկ Սարգսյանի քարոզարշավին՝ ամֆիթատրոնո՞ւմ,-ընդհատեցինք Բաբայանին.
«Ես արդեն ասացի, որ իմ աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում պետական գույքի ուսումնասիրություն իրականացնել, այդ շրջանակներում նաև գտնվում եմ այստեղ, համընկել է Գարիկ Սարգսյանի հանրահավաքի հետ, եկել եմ իմ թիմակցին աջակցություն հայտնելու…»:
Ի դեպ, Գևորգ Բաբայանը ՔՊ-ական մյուս պաշտոնյաների հետ ոտքով մի քանի հարյուր մետր քայլելով հասավ Վեդիում գտնվող ՔՊ-ի նախընտրական շտաբներից մեկը, իսկ այնտեղից դուրս եկավ միայն 14:10-ին, երբ «ընդմիջման ժամն» ավարտված էր:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: