Գագիկ Ծառուկյանի բիզնեսներից արդեն մեկ անձից գնում են կատարում
Ազգային ժողովի նախկին ընդդիմադիր պատգամավոր, 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրվող, իսկ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական երկնակամարը լքած Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող բիզնեսներից պետական համակարգը սկսել է մեկ անձից գնումներ կատարել։
Խոսքը, մասնավորապես, «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ի մասին է: Գագիկ Ծառուկյանը, օրինակ, 2019 թվականին հայտարարագրել էր, որ այս ընկերությունից իր շահաբաժինը 30,000,000.00 միլիոն դրամ է։
Այս ընկերությունից ՀՀ Ոստիկանությունն է մեկ անձից գնում կատարել՝ 1 միլիոն 800 հազար դրամի չափով՝ նույն ընկերությունից գնված 4 ավտոմեքենայի երաշխիքային սպասարկման ծառայություններ իրականացնելու համար։
Ոստիկանությունը նաև մոտ մեկ միլիոն դրամով, դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով, տարածք է վարձակալել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, որի նախագահը դարձյալ Գագիկ Ծառուկյանն է։ Պայմանագրում, ի դեպ, տարածքը վարձակալելու նպատակը նշված չէ:
Իսկ տարածքը Ոստիկանությունը վարձակալել է Ծաղկաձորի ճոպանուղու մոտ գտնվող հատվածում։