ՔՊ-ի թեկնածու Գարիկ Սարգսյանի քարոզարշավին աշխատանքային ժամին մասնակցում է Վեդի համայնքի ողջ վարչական ռեսուրսը
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին տեղի են ունենալու Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որին մասնակցում են կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունները:
Այս պահին ընթանում է քարոզարշավը, որը ՔՊ-ն սկսել է առավոտյան 12:00-ից Վեդի քաղաքի՝ համայնքապետարանի դիմացի հատվածում՝ ամֆիթատրոնում: ՔՊ-ի քարոզարշավին ներկա են եղել մարզի գրեթե բոլոր վարչական շրջանների ղեկավարները:
168.am-ի տեղեկություններով՝ նրանց հրահանգված է եղել, որ յուրաքանչյուրը 15 մարդու ներկայություն ապահովի ամֆիթատրոնում:
Այս լուսանկարում երևում է, որ ամֆիթատրոնում են Այգեպատի համայնքապետ Սերյոժա Պետրոսյանը, Վերին Արտաշատի ղեկավար Աշոտ Ղազարյանը և Շահումյանի համայնքապետ Սերժիկ Բաբայանը:
ՔՊ-ական թեկնածու Գարիկ Սարգսյանի քարոզարշավին բերել են նաև գյուղերի պոլիկլինիկաների, բուժամբուլատորիաների, ՋՕ-երի, ինչպես նաև «Խոսրովի արգելոցի» աշխատակիցներին՝ փաստացի կաթվածահար անելով պետական հիմնարկների աշխատանքը: Գարիկ Սարգսյանի քարոզարշավին ներկա են գտնվել նաև Արտաշատի նախկին քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, իշխանամերձ գործարարների, այդ թվում՝ «Վեդի Ալկոյի» աշխատակիցները, ովքեր 168.am-ի հետ զրույցում հաստատել են, որ աշխատանքից են դուրս եկել Գարիկ Սարգսյանի քարոզարշավին մասնակցելու նպատակով: