Աշոտ Երկաթին կալանավորած դատավոր Տիգրան Սիմոնյանն այսօր կորոշի՝ կշարունակի՞ կալանավորված մնալ Բորիս Բախշիյանը, թե՞ ոչ
Այսօր՝ 17:45-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, որոշում կկայացնի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի խափանման միջոցը փոխելու հարցով:
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանը, շուրջ երկու ամիս է, կալանավորված է իր կայացրած դատական ակտի համար, որի օրինականությունը, ի դեպ, անգամ նրան կալանավորած դատավոր Դավիթ Արղամանյանը կասկածի տակ չի դրել:
«Կալանքի բողոքարկման նիստը Վերաքննիչ դատարանում ավարտվել է: 17:45-ին որոշումը կհրապարակվի»,- ասաց Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ քննությունն ընթանում էր Առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած տրամաբանությամբ:
Ըստ պաշտպանի՝ իրավական վերլուծություն էր տեղի ունենում, և քանի որ դատավոր Տիգրան Սիմոնյանն էլ քրեական իրավունքի մասնագետ է, հենց այդ հարցերն էին քննարկվում:
«Եթե բոլորը, այդ թվում՝ Մհեր Արղամանյանը, ընդունում են՝ Բորիս Բախշիյանի կայացրած դատական ակտն օրինական է, և որևէ մեկն իրավունք չունի կասկածի տակ դնելու այն, և նաև դատավորը գործել է բարեխիղճ, այդ դեպքում ո՞նց են պնդում, որ Բախշիյանն ակնհայտ ապօրինի կալանավորել է անձին»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Պաշտպանը պնդում է՝ Վերաքննիչ դատարանի ֆունկցիան է՝ քննել ու գնահատել՝ արդյո՞ք եղել է կալանքի հիմք:
«Այսինքն՝ Բախշիյանի որոշումը պիտի բողոքարկվեր, Վերաքննիչն էլ՝ քններ: Ու քանի նման որոշում չկա, այստեղ առհասարակ չի էլ կարող հանցագործություն լինել, և մենք դատավորին՝ որպես քրեական իրավունքի մասնագետի, խնդրում էինք մեկնաբանել այս հարցը»,- ասաց Երեմ Սարգսյանը: