Բյուջեից որպես օգնություն՝ 1.6 միլիարդ դրամ են հատկացրել. հայտնի չեն ո՛չ փող ստացողները, ո՛չ լուծված խնդիրները

Կառավարությունը հերթական անգամ 500 միլիոն դրամ է հատկացրել Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամին՝ որպես գումարի հատկացման նպատակ նշելով Սյունիքի մարզում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծումը։

Ուշագրավ է, որ Կառավարությունը նույն նպատակով արդեն 1.1 միլիարդ դրամ հատկացրել է այդ նույն հիմնադրամին, որի մի մասը՝ 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ։

Թե ինչո՞ւ է Կառավարությունը Սյունիքի մարզում լուծում պահանջող խնդիրների համար այդքան գումար հատկացնում ոչ թե Սյունիքի մարզպետարանին, այլ առանձին հիմնադրամի, Կառավարության ընդունած որոշման մեջ որևէ հիմնավորում նշված չէ։

Ընդգծենք, որ հանրապետության մյուս մարզում լուծում պահանջող խնդիրների համար մարզպետարանները դիմում են Կառավարությանն ու ստանում գումար. այս հարցում Սյունիքի մարզը բացառություն է, քանի որ գումարը չի տրվում մարզպետարանին։

Ուշագրավ է, որ Կառավարության կողմից, ինչպես 1.1 միլիարդ դրամի, այնպես էլ՝ 500 միլիոն դրամի հատկացումը նշված հիմնադրամին անարդյունավետ ու կասկածելի է համարել Ֆինանսների նախարարությունը։

Ըստ Տիգրան Խաչատրյանի ղեկավարած Ֆիննախի առարկության՝ Կառավարության պահուստային ֆոնդից 500 միլիոն դրամ են ուզում մի նպատակի համար, որի ծախսման նպատակը հստակ ներկայացված չէ. հայտնի չեն նաև գումարը ստացողները։

Ֆինանսների նախարարության առարկության մեջ նշված է նաև, որ ակնհայտ չեն այն թիրախավորված խնդիրները, կարիքների գնահատումները, որոնք անհրաժեշտ են գումարի բաշխման համար։

Միաժամանակ ընդգծել են, որ գումարի չափի գնագոյացման սկզբունքներն ու հաշվարկ-հիմնավորումներն են բացակայում:

Ֆինանսների նախարարությունից նաև հայտնել են, որ բացի այդ, Սյունիքի մարզի առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար արդեն իսկ հատկացվել է ընդհանուր 1.1 մլրդ դրամ, որի առնչությամբ ևս բացակայում են աջակցության արդյունքների և հրատապ հիմնախնդիրների նվազեցման միտումների վերաբերյալ գնահատումներն ու հիմնավորումները:

«Ընդ որում, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողություններից հետո տևական ժամանակահատվածի պայմաններում բավարար չափով հիմնավորված չէ գումարի հատկացման հիմքում դրվող հրատապության հանգամանքը»,- նշված է Ֆինանսների նախարարության առարկության մեջ։

Չնայած այս առարկություններին՝ 500 միլիոն դրամը, այդուամենայնիվ, հատկացվել է Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամին:

Այսպիսով այս հիմնադրամին բյուջեից հատկացված գումարի չափը կազմեց 1 միլիարդ 600 միլիոն դրամ, որի ո՛չ ծախսման ուղղությունները, ո՛չ այդ գումարից օգտվողները, ո՛չ էլ հաշվարկ-հիմնավորումները ՀՀ Ֆինանսների նախարարության համար տեսանելի չեն։

Տեսանյութեր

Լրահոս