Պադավատապետությունը մերժող Փաշինյանի կառավարությունը հերթական միլիոններն է հատկացրել պադավատների սպասարկմանը
Ազգային անվտանգության ծառայությանը 2022 թվականի բյուջեով հատկացվել է 42 միլիարդ 669 միլիոն դրամ, սակայն պարզվում է՝ այս գումարը բավարար չէ ծառայության գործունեությունը, մեքենաների սպասարկումը լիարժեք ապահովելու համար, ուստի անհրաժեշտություն է առաջացել ԱԱԾ ենթակայության տակ գործող Պետական պահպանության ծառայության մեքենաների սպասարկման համար հերթական անգամ լրացուցիչ գումար հատկացնել։
Արդյունքում՝ պադավատապետության դեմ պայքարող, սակայն իր կառավարման տարիներին պադավատների թիվն ավելացրած Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարության որոշմամբ 29 միլիոն 500 հազար դրամ է հատկացվել Պետական պահպանության ծառայության տրանսպորտային միջոցների անվտանգ և ապահով սպասարկումը բարելավելու համար: Ուշագրավ է, որ ընդունված որոշման երկրորդ կետը հույժ գաղտնի է, նույնիսկ հնարավոր չէ ենթադրել, թե այդ խորհրդավոր երկրորդ կետն ինչին է վերաբերում:
Հիշեցնենք, որ 2022 թվականի բյուջեով Ազգային անվտանգության ծառայությանը հատկացված 42 միլիարդ 669 միլիոն դրամը 2021 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 22,85 տոկոսով, կամ 34 միլիարդ 733 միլիոն դրամ։
Նկատենք, որ ԱԱԾ-ն իր Պետական պահպանությամբ ամենաշատ աճ արձանագրած բյուջեն ունի. համեմատության համար նշենք, որ պատերազմից հետո 2022 թվականի համար Պաշտպանության բյուջեն ավելացել է ընդամենը 10.8 տոկոսով։