«Ուզո՞ւմ են Արցախը տալ, թող ասեն՝ տալի՛ս ենք, չեն ուզում, թող հայտարարեն՝ պահում ենք»․ արցախցի փախստականը՝ ՀՀ իշխանություններին
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութից և Շուշիից տեղահանված արցախցիներն այսօր հերթական բողոքի ակցիան անցկացրեցին Հանրապետության հրապարակում։ Նրանք պահանջում էին ՀՀ կառավարության հստակ դիրքորոշումը վերջին օրերին Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Մեր կարծիքով՝ Կառավարության քայլերն ադեկվատ չեն։ Պետք է ժողովրդին պարզ ասեն, թե մտքերին ի՞նչ կա։ Ոզո՞ւմ են Արցախը տան, թող ասեն՝ տալի՛ս ենք, չեն ուզում տան, թող հայտարարեն, որ պահում ենք․․․»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հարդրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը:
Տղամարդն ասաց՝ կարևոր է գիտակցելը, որ, եթե Արցախը չլինի, չի լինի նաև Հայաստանը, ապա հարց տվեց․
«Հիմա մենք ուզո՞ւմ ենք մեր պետությունը պահել, վերականգնե՞լ, թե՞ չէ»։
Անդրադառնալով գործող իշխանությունների՝ «խաղաղության դարաշրջան» բացելու վերաբերյալ պարբերաբար հնչեցվող հայտարարություններին՝ Հայրյանն ասաց
«Բոլոր ազգերը գիտեն, որ խաղաղություն պահելու համար պետք է երկիրը զինել, մենք մեր բանակը զինաթափում ենք և ասում ենք՝ խաղաղություն ենք ուզում, ինչպե՞ս հասկանանք։ Պաշտպանվելու միակ ձևը զինվելն է ու բանակ պահելը»։