Վահագն Վերմիշյանը հրավիրված մասնագետ էր, քաղաքական թիմի անդամ չէր, թավշյա սպեկուլյացիայի հետ որևէ առնչություն չուներ ընդհանրապես. Ալեքսանդր Կոչուբաև

«Շատ լավ է, իհարկե, որ քաղաքացին կարողանում է անձամբ տնօրինել իր իրավունքները, այդ թվում՝ պատասխանել հայցադիմումներին, բայց մտահոգիչ է, որ դա անում է երկրի ղեկավարն այն օրը, երբ Ռուսաստանը պատերազմ էր հայտարարել Ուկրաինային: Հսկայական աշխարհաքաղաքական տեղաշարժեր են տեղի ունենում, որոնք ուղղակի և անուղղակի ազդելու էին նաև Հայաստանի վրա, ու մեր վարչապետը հայցադիմումի պատասխաններ էր գրում դիսկային կրիչի վրա, հայցային վաղեմության միջնորդություններ էր ներկայացնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, ներկայումս անազատության մեջ գտնվող Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը՝ պատասխանելով հարցին՝ իսկապե՞ս Նիկոլ Փաշինյանն ինքն է պատասխանում իր հայցադիմումներին, ինչի ապացույցն ավելի վաղ ներկայացրել էր ինքը հրապարակված փաստաթղթի տեսքով:

Պաշտպանը նկատեց՝ կցանկանար հստակ կանգ առնել այս խնդրի վրա:

«Ես սա առաջին անգամ պիտի հրապարակեմ. Ասվածը վերաբերում էր Վահագն Վերմիշյանի հայցադիմումին: Մենք ունենք անպատասխանատու ղեկավար: Մեր կողմից քննարկվող անձը (Նիկոլ Փաշինյան.- Գ.Ս.) Վահագն Վերմիշյանի ձերբակալության օրը տվել էր գնահատականներ, որ նա կաշառք է վերցրել, իր համար թեման արդեն փակ է: Խոսում էր նրանից, որ պատիժը պետք է լինի ամենախիստը: Մենք զրպարտության հայցադիմումով մտել էինք դատարան, և մեր երկրի ղեկավարը ոչ թե որոշեց պատասխան տալ ըստ հայցի, ասեր, որ ինքը ճիշտ էր, իր խոսքերն օբյեկտիվ հիմք ունեն, այլ պաշտպանվեց ժամկետով»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Ըստ նրա՝ սա երկրի ղեկավարի պատասխանատվության ցուցիչ է: Իր համար նորմալ է, որ անձը պաշտպանվում է որևէ կերպ, այդ թվում՝ հայցային վաղեմությունով, բայց դա աննորմալ է, եթե երկրի ղեկավարն է անում:

«Բովանդակային առումով նրա արածը նշանակում է՝ զրպարտել եմ, բայց վաղուց եմ զրպարտել, ոչինչ, ժամկետն անցել է, ես ոչ հերքելու եմ, ոչ էլ գումար եմ վճարելու: Եվ սա ստորագրում է երկրի ղեկավարը… Եվ սա՝ այն դեպքում, երբ Վահագն Վերմիշյանի թևերը կապել են ու «ռինգ» են մտցրել»,- ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահի պաշտպանը:

Վերջինս տարակուսում է՝ ինչպե՞ս պետք է Վահագն Վերմիշյանը, մեկուսացված լինելով, իմանար, որ ինչ-որ մեկն իր հասցեին ասում է, որ ինքը կաշառք է վերցրել:

«Միակ ճանապարհն իր փաստաբանի հետ շփումն է, և այն պահից, երբ իր փաստաբանը նրան ասել է, որ խնդրո առարկա անձնավորությունն իր մասին նման հայտարարություն է արել, որոշել է հայցադիմում ներկայացնել»,- ասաց պաշտպանը:

Նրա խոսքով՝ սա իր համար ընդգծված բարոյական խնդիր ունի:

«Քաղաքացին կամ մեկ այլ պաշտոնյա կարող է պաշտպանվել ժամկետով, բայց դու երկրի ղեկավար ես ու պարտավոր ես փաստերով ապացուցել քո խոսքի ճշմարտացիությունը: Եթե դու ասում ես՝ Վահագն Վերմիշյանը կաշառք է վերցրել կամ լիազորություններ է չարաշել, դու պարտավոր ես հենց հրապարակային դատավարության ժամանակ հիմնավորել քո խոսքը, որովհետև դու երկրի ղեկավար ես: Իսկ եթե դու ասում ես՝ Վահագն Վերմիշյանը կաշառք է վերցրել, իսկ 6 ամիս հետո ասում ես՝ ժամկետն անցել է, ու Վահագն Վերմիշյանը չի կարող հերքում պահանջել, սա ընդգծված բարոյական խնդիր է ու խոսում է այդ մարդու որակների մասին»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Անդրադառնալով Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործին ու դրա ընթացքին՝ պաշտպանը նշեց՝ ինքն իր խոսքում արդեն հրաժարվել է Վահագն Վերմիշյանի նկատմամբ կիրառել «քաղբանտարկյալ» եզրույթը, քանի որ քաղբանտարկյալի նկատմամբ ինչ-որ հրապարակային դատավարությանը նմանվող պրոցեսներ իրականացվում են, իսկ Վահագն Վերմիշյանի գործով մեր վերջին նիստը նոյեմբեր ամսին է կայացել. Շարունակ հետաձգում են տարբեր պատճառներով:

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ամեն առիթ օգտագործում է նիստը 1-2 ամիս շպրտելու համար: Երևի թե խնդիր է դրված Վահագն Վերմիշյանի դատավարությունն առհասարակ քնացնել, որպեսզի որևէ ձևով չքննարկվի, քանի որ դատավարությունն արդեն մոտենում է իր վերջնակետին: Մենք լսել ենք և գաղտնալսումները, հետազոտել ենք գաղտնի տեսանկարահանումները և անգամ քրեական օրենսգրքին մոտիկ որևէ արարք չի հիմնավորվել: Ըստ էության մեզ մնում է սպառել վկաներին: Անգամ Մնացական Մարտիրոսյանը, որ պետական պատվեր ունի ու ստիպված է մեղադրական դատավճիռ կայացնել, հասկանում է, որ անգամ իր նման հմուտ գործակալի համար է շատ բարդ լրիվ անմեղ մարդուն ուղարկել պատիժը կրելու: Դրա համար նիստերը հետաձգում են»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը՝ հավելելով՝ ընդ որում, դատավորը շատ լավ գիտի, որ իրենք փորձում են գրավի միջնորդություն ներկայացնել, բայց դատական նիստերը պարզապես չեն կայանում:

Պաշտպանի համար առհասարակ հետաքրքիր է Վերմիշյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Նա կարծում է՝ Վահագն Վերմիշյանը բոլոր չափանիշներով քաղաքական հետապնդման է ենթարկվում, բայց քանի որ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի հետ մեկտեղ եղել են իշխանական ճամբարում, կալանավորվել են այն փուլում, երբ պաշտոնավարում էին, հավանաբար դա է պատճառը, որ այս անձինք ընդդիմության համար հետաքրքիր չեն:

«Այստեղ խայտառակ ապօրինություններ են տեղի ունենում, և ես կրկնում եմ՝ այդ մեղադրանքներն ընդհանրապես աղերսներ չունեն, ու Վահագն Վերմիշյանի թեման շատ քիչ ԶԼՄ-ներ են լուսաբանում: Հենց այդ նույն պատճառաբանությամբ նաև ընդդիմադիր մամուլին թեման հետաքրքիր չէ: Բայց կոնկրետ Վահագն Վերմիշյանն ինքը հրավիրված մասնագետ էր, քաղաքական թիմի անդամ չէր, թավշյա սպեկուլյացիայի հետ որևէ առնչություն չուներ ընդհանրապես: Վահագն Վերմիշյանի համբավը Եվրոպայում և աշխարհում մեծ է, նա ընդամենը հրավիրվել էր՝ որպես ոլորտի մասնագետ, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ չմտնելով, կոռուպցիոն սխեմաների մեջ չներգրավվելով՝ իշխանության մեջ մնացել էր մենակ»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը՝ նկատելով՝ պաշտոնավարման վերջին 6 ամսում Նիկոլ Փաշինյանի հետ առհասարակ ուղիղ շփում չի ունեցել:

Նրա խոսքով՝ այս ամենը հանգեցրեց նրան, որ Վերմիշյանը կալանավորվեց, իսկ հիմա ոչ ոք չի խոսում նրա քաղաքական պատանդառության մասին, որովհետև նրա թեման շատ քիչ շրջանակի է հետաքրքիր:

«Մարտի 15-ին նիստ է նշանակված, բայց իմ խորին համոզմամբ՝ խնդիր է դրված նաև այդ նիստը տապալել: Ոչ գործընկերային են իրենց պահում պաշտպանական կողմում հանդես եկող որոշ անձինք: Այս գործով 8 մեղադրյալներ 15-ից ավելի փաստաբաններ ունեն, և որոշ անձանց դեպքում իսկապես մթնոլորտը գործընկերային չէ. կարող են չներկայանալ նիստին ու նիստը տապալել: Ընդ որում, ես ասել եմ, որ առկա է գրավի միջնորդություն, և նոյեմբեր ամսից մենք չենք կարողանում ներկայացնել այդ միջնորդությունը»,- եզրափակեց Ալեքսանդր Կոչուբաևը՝ հավելելով, որ կասկածներ կան, որ մեղադրյալներից մի քանիսը գործարքներ ունեն իշխանությունների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս