«Ինքս 5 պակաս նախագահ եմ, այդ 5 պակասն ինձ կաշկանդում է, որ անդրադառնամ այդ հարցերին»․ Վահագն Խաչատուրյան
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 13-ին տեղի է ունենալու ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ նախկին նախագահներին: Առայժմ հայտնի է ՀՀ 3-րդ նախագահի պատասխանը՝ երեկ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ին հայտնել էին, որ նախագահ Սարգսյանը չի պատրաստվում մասնակցել այդ արարողությանը։
Լրագրողները Խաչատուրյանին հարցրեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում արարողությանը չմասնակցելու՝ նախկին նախագահների դիրքորոշմանը։ Ի՞նչ կասեք այդ մասին․
«Ոչ մի բան։ Ինձ ինչո՞ւ պետք է անհանգստացնի, կարևորը՝ մենք հրավիրել ենք, մենք բաց ենք, և հրավիրվածների ցանկը շատ մեծ է, որևէ սահմանափակում չկա։ Ամեն մարդ ինքն է որոշում իր մասնակցությունը, և այդտեղ պարտադրանք չի կարող լինել, մեր երկիրն էլ տարբերվում է դրանով, որ մենք իսկապես ժողովրդավարական երկիր ենք, մեր մոտեցումներն էլ են դիմացինների նկատմամբ այդպիսին։ Միայն պետք է հարգել իրար իրավունքները, տվյալ դեպքում՝ ես հարգում եմ այդ մարդկանց իրավունքը, որից իրենք օգտվում են՝ չմասնակցելով»։
Հարցին՝ իսկ ինչո՞ւ էիք նախկին նախագահների հրավիրել, չէ՞ որ գործող իշխանությունն ասում է՝ գող են, թալանչի են, կոռուպցիոներ են, Վահագն Խաչատուրյանն ասաց, որ դա ընդամենը արարողակարգ է, ոչ թե անձնական հրավեր:
«Գոյություն ունի պետական համապատասխան արարողակարգ, պետական արարողակարգն անձնական մոտեցումները մի կողմ է դնում, և պետական արարողակարգով առաջնորդվում ենք։ Ինձնից մի փորձեք գնահատականներ կորզել, այդ գնահատականները ես այսօր չեմ տա, այսօր եմ ասում։ Որևէ գնահատական չեմ տա, տրամադրված չեմ՝ 1, երկրորդ՝ այսօր այդ օրը չէ»։
Այլ հարցերի վերաբերյալ ևս Վահագն Խաչատուրյանը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, որ ինքը դեռևս նախագահի պաշտոնը չի ստանձնել և չի կարող այդ հարցերին պատասխանել՝ իբրև նախագահ․
«Ինքս 5 պակաս նախագահ եմ, այդ 5 պակասն ինձ կաշկանդում է, որ անդրադառնամ այդ հարցերին․․․»։