Հա, հետո ի՞նչ, որ Ադրբեջանը կրակում է, մենք մեր ճանապարհից չենք շեղվում․ Վահագն Խաչատուրյան
Արդեն մի քանի օր է, ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ է բացում Արցախի սահմանամերձ դարձած գյուղերի ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Կառավարության այսօրվա նիստում թշնամու սադրանքներին անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը․
«Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։ Այս պահին, սակայն, ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի Արցախի իշխանությունների և միջազգային մեր գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ։ Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, և փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»։
Կառավարության նիստի ավարտից հետո, լրագրողները դեռևս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, ՀՀ ապագա նախագահ Վահագն Խաչատուրյանին հարցրեցին, թե ինքն ի՞նչ կարծիք ունի Արցախում ստեղծված լարվածության մասին, արդյո՞ք ինքն էլ է կաշկանդված գնահատական տալու առումով։
«Կաշկանդվածության առումով, ես միայն կաշկանդված պետք է լինեմ սահմանադրությամբ․․․ Համոզված եղեք, որ հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կլինեն, և այդ պատասխանների տրամաբանությունը կլինի միայն և միայն պետականությանը, պետությանը նպաստող խնդիրների կամ հարցապնդումների շրջանակներում։ Ես նկատի ունեմ՝ երբևէ ինքնանպատակ պատասխաններ, գործողություններ չեն լինի։ Շատ կարևոր է, որ նախագահական ինստիտուտն իրեն այդպես դրսևորի»,- ըստ էության հարցին չպատասխանելով՝ ասաց Խաչատուրյանը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինայնը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, բայց Ադրբեջանն անընդհատ կրակում է, Վահագն Խաչատուրյանն այսպես արձագանքեց․
«Հա, հետո ի՞նչ․ ոչինչ-ոչինչ։ Դուք ինձ ներքաշում եք երկխոսության ու գնահատականներիր մեջ, ես չեմ ուզում, այս պահին չեմ ուզում։ Որևէ մեկը, այդ թվում՝ Ադրբեջանն իր այսօրվա պահվածքով մեզ չպետք է շեղի այդ ճանապարհից։ Մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում․․․ Մենք պետք է պաշտպանվենք ու պաշտպանելով ասենք, որ մեզ հետ պետք չէ այդպես խոսել․․․»։
Ռուս-ուկրաինական լարվածության և Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ֆոնին՝ Հայաստանն ո՞ւմ հետ պետք է հարաբերությունները «դասավորի», որպեսզի խնդիրներ չառաջանան նաև Հայաստանի համար, հարցրեցին Խաչատուրյանին․
«Ես գտնում եմ, որ այն կեցվածքը, պահվածքը, այն հայտարարությունները, որ արվում են ՀՀ իշխանությունների կողմից, դա ամենաճիշտն է։ Ուղղակի բոլորս պետք է հուսանք և հնարավորինս ամեն ինչ անենք, որպեսզի 1 օր առաջ պատերազմն ավարտվի, մենք շատ լավ գիտենք, թե դա ինչ է նշանակում, մենք ինքներս գոնե մեր մաշկի վրա զգացել ենք․․․»։