10 միլիոն դրամ՝ Վեդիում ընտրություն կազմակերպելու և Գարիկ Սարգսյանի հաղթանակի համար

Կառավարության պահուստային ֆոնդից մարտի 3-ին 10 միլիոն 836 հազար դրամ է հատկացվել ՀՀ ոստիկանությանը՝ մարտի 27-ին Վեդի քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է այժմ Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը, որը տարեսկզբին նոր պաշտոնը ստանձնելուց հետո միանգամից ազատվեց իր հրաժարականը պահանջած համայնքապետերից և Վեդի խոշորացված համայնքի 16 գյուղում վարչական նոր ղեկավարներ նշանակեց։

Նշենք, նաև, որ 168.am-ը բազմաթիվ ահազանգեր էր ստանում, որ ՔՊ-ն Գարիկ Սարգսյանին այս պաշտոնում նշանակել է ՏԻՄ ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար, բայց ոչ միայն:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, կոնկրետ հանձնարարականներ են իջեցվել պետական ապարատում աշխատողներին, նախ՝ ընտրություններին պարտադիր մասնակցելու, և երկրորդ՝ ՔՊ-ին ու Գարիկ Սարգսյանին ձայն տալու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին էին անցկացվել ՏԻՄ ընտրությունները։ Ընտրապայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։

Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 8666 ընտրող։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, ընտրություններից հետո Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը, ստացել էր 7690 ձայն։ Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավարը հենց Արարատի մարզից է, ստացել էր 3299 ձայն։

Այսինքն՝ ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել և հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն համայնքապետ ընտրել՝ առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Բայց կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարեցին նոր ընտրություններ անցկացնելու մասին։

Եվ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ արտահերթ ընտրությունների օր է նշանակվել 2022 թվականի մարտի 27-ը։

Տեսանյութեր

Լրահոս