«Տիգրան Սահակյանն աշխատակիցներին անձամբ իմ ներկայությամբ ասել է՝ չշփվեք ձեր գրասենյակի պետի հետ». նախկին պաշտոնյան՝ իր նկատմամբ գործադրված ճնշումների մասին

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու՝ պաշտոնը լքելուց հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորընտիր նախագահ Տիգրան Սահակյանը Վազգեն Ռշտունու գրասենյակի պետ Աննա Աղայանին ստիպել է ազատման դիմում գրել ու գնալ:

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Աննա Աղայանը հրաժարվում է՝ ասելով, որ չի կարող դիմում գրել, քանի որ դեռ աշխատանք չունի: Արդյունքում՝ դատարանի նորանշանակ նախագահ Սահակյանն աշխատակազմին հրահանգում է Աննայի հետ չաշխատել, չշփվել, որ նա թողնի հեռանա։ Աննա Աղայանին այնպիսի հոգեբանական ճնշման են ենթարկում, որ վերջինս ստիպված դիմում է գրում ու հեռանում»,- գրել է թերթը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել էր, թե նման բան չկա։

«Բացառված է, այդ ո՞վ է նման բաներ ասում. բացառվում է»,- նշել էր նա:

168.am-ի հետ զրույցում, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակի նախկին պետ Աննա Աղայանը հաստատեց «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը:

«Հրապարակումը ճիշտ է: Եղել է նման գործընթաց իմ նկատմամբ: Փորձել են այնպես անել, որ ես չաշխատեմ»,- ասաց Աննա Աղայանը՝ հավելելով, որ դա եղել է այն ժամանակ, երբ արդեն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ դարձել է Տիգրան Սահակյանը:

Աննա Աղայանի խոսքով՝ արդյունքում ինքն աշխատանքից ազատվել ու տեղափոխվել է այլ աշխատանքի:

«Այս պահին շատ մանրամասներ չեմ ցանկանում հայտնել, բայց աշխատանքից ազատվելու պահանջ իմ առջև դրվել է Տիգրան Սահակյանի պաշտոնավարման առաջին իսկ օրից: Ես անգամ չեմ հասցրել իր հետ աշխատել»,- ասաց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի գրասենյակի նախկին պետը:

Աննա Աղայանը նշեց՝ նախկինում երկար տարիներ, երբ Տիգրան Սահակյանը դատավոր է եղել, իրենք աշխատել են միասին, ունեցել են շատ լավ հարաբերություններ, ու իր համար շատ զարմանալի է եղել Տիգրան Սահակյանի պահվածքը:

«Ի սկզբանե հրաժարվել եմ դիմում գրել, քանի որ դա իմ աշխատանքն է եղել, և չեմ կարծում, որ երկար տարիներ դատական համակարգում աշխատելով՝ ես վատ եմ կատարել իմ աշխատանքը: Այդ մասին ասել եմ պարոն Սահակյանին, շատ այլ փաստեր էլ եմ ներկայացրել, որ չեմ կարող այդ պահին ազատման դիմում գրել, բայց դատարանի նախագահը պնդել է, որ պետք է ազատման դիմում գրեմ ու անգամ շենք չմտնեմ»,- ասաց Աննա Աղայանը:

Նախկին պաշտոնյայի խոսքով՝ Տիգրան Սահակյանն անգամ աշխատակիցներին է արգելել իր հետ շփվել, արգելել է գրասենյակ մտնել, մինչև ինքը դիմում չգրի, իսկ այդ պայմաններում աշխատել հնարավոր չէր:

«Գրասենյակի աշխատակիցներին անձամբ իմ ներկայությամբ ասել է՝ չշփվեք ձեր գրասենյակի պետի հետ, աշխատանքային որևէ հարց չքննարկեք»,- եզրափակեց Աննա Աղայանը:

Տեսանյութեր

Լրահոս