«Այս գործով որոշումները կայացվում են ոչ այս դատարանում, ոչ այս դատավորի կողմից». Հայկ Ալումյանը՝ Աննա Դանիբեկյանի կողմից ՍԴ դիմելու միջնորդությունը մերժելու մասին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, երեկ, այսպես կոչված, Սիլվա Համբարձումյանի գործով՝ տևական ընդմիջումից հետո շարունակեց քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ այն, որ դատարանն օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1-ին մասին։

Քոչարյանի մյուս պաշտպանը՝ Արամ Օրբելյանը, նույնպես միացավ Հայկ Ալումյանի միջնորդությանը՝ պնդելով, որ դատարանը պետք է դիմի ՍԴ։

Այսօր դատարանը հրապարակեց իր որոշումը, ըստ որի՝ Հայկ Ալումյանի միջնորդությունը մերժվեց: Այն կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ դատարան՝ ստանալու պահից 10-օրյա ժամկետում:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց, որ այս գործով որոշումները կայացվում են ոչ այս դատարանում, ոչ այս դատավորի կողմից:

«Որոշումները թելադրվում են դատարանին, և սա երևի բացատրություններից մեկն է, թե ինչու մեր միջնորդությունը մերժվեց, որովհետև սրանով դատարանն իրեն ու բոլորիս մտցրեց փակուղու մեջ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ իհարկե, Վերաքննիչ դատարան դիմելու գործիքակազմը կա, սակայն եթե Առաջին ատյանի դատարանը հակասահմանադրականության հետ հարց չի տեսնում, ապա Վերաքննիչը չի կարող պարտավորեցնել Առաջին ատյանի դատարանին այլ տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս