«Ադրբեջանն ունի հայամերժության պետական ծրագիր, մենք դրա դիմաց ունե՞նք որևէ պետական ծրագիր». Պավել Ավետիսյան
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Պավել Ավետիսյանի խոսքով՝ հայ ժողովուրդը հայտարարում է, թե ադրբեջանահայերի կոտորածները միջազգային հանրությունը չի որակում՝ որպես ցեղասպանական գործողություններ, մինչդեռ Հայաստանն այդ առումով գրեթե ոչինչ չի անում, ավելին, չի էլ ասում, թե ինչ անելիքներ ունի անելու։
«Ադրբեջանն ունի հայամերժության պետական ծրագիր, մենք դրա դիմաց ունե՞նք որևէ պետական ծրագիր, հայեցակարգ այդ ամենի դեմն առնելու համար։ Ադրբեջանում այդ ամենն արդեն դարձել է ազգային նպատակ, այս առումով այստեղ հավաքվածներս հսկայական անելիքներ ունենք, կարող ենք ձևակերպել նպատակային ու որոշակի ուղղություններ»,- ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի ունեցած կոնֆերանս-քննարկման ժամանակ ասաց Պավել Ավետիսյանը։
Նա ընդգծեց, որ այն, ինչ տեղի է ունեցել, ակադեմիական լուրջ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ սեղանին այսքան ժամանակ դեռևս չեն դրել ակադեմիական լուրջ ուսումնասիրություն։ Թերևս, այդ ուսումնասիրությունների հիման վրա է, որ վաղը պետք է կարողանան միջազգային հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ կատարվել է ըստ էության։
«Նման ծրագրեր մշակելիս՝ մենք ոչ միայն պետք է ընդգրկենք հայաստանյան մասնագետներին, այլև միջազգային ազգային փոքրամասնությունների հարցերով, ցեղասպանությունների հարցերով զբաղվող մասնագետների։ Այդ դեպքում մենք կունենանք լուրջ փաստաթղթեր և կկարողանանք լուրջ հիմք ստեղծել, որպեսզի մշակվի որոշակի քաղաքականություն և այդ քաղաքականությունից բխող գործողությունների շարք, որպեսզի կարողանանք միջազգային ատյաններում այս հարցը բարձրացնել։ Հակառակ դեպքում մենք դարձյալ կդատապարտենք այն, ինչ տասնյակ տարիներ դատապարտում ենք, և ոչինչ ավելին։ Հետևաբար՝ մեր քննարկումները պետք է տեղափոխենք նաև պրակտիկ դաշտ և հասկանանք, թե ինչ անելիքներ ունենք»,- եզրափակեց Պավել Ավետիսյանը։