Երեկվա սակավապետ օլիգարխները ներկայանում են մեծ սեփականատերեր, չկայացածները՝ հեղափոխական ու դուխով տղաներ. Հակոբ Տեր-Խաչատուրյան
«Այս իշխանության անընդունելի և աններելի քայլերի շնորհիվ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի աղետալի արդյունքը, շարունակվող պառակտումի քաղաքականության սաստկացումը, մեր թշնամիների հանդեպ ցուցաբերվող պարտվողական հոգեբանությունը, միակողմանի զիջումների պատրաստակամությունը և կեղծ խաղաղության պատրանքով ժողովրդին մոլորեցնելու ու թշնամուն հաճոյանալու ամբոխավարությունը»,- ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը:
Կուսակցական գործիչը շեշտեց, որ տասնամյակների պայքարն իմաստազրկելու, արյան, զոհողությունների գնով մեր հաղթանակները ոչնչացնելու ընթացքը պետք է կասեցվի:
«Այսօր մեր լինելիության, արժանապատվության, ապագայի հարցերը կկազմեն մեր հիմնական օրակարգը: Բայց արտաքին թշնամու դեմ պայքարելու համար պետք է մեր տունը կարգի բերենք: Այսօրվա պայքարը սոսկ իշխանություն-ընդդիմություն հարթության մեջ չէ, այլ պայքար է՝ հանուն արժնապատվության, ազգային արժեքների վերականգնման, հանուն հայրենիքի փրկության:
«Մեր ներկա իրականությունն արժեքների ու հասկացությունների ձևախեղված արտացոլումն է: Երեկվա ընտրակեղծարարները ներկայանում են՝ որպես արդարության պաշտպաններ, նախկին իշխանություններին գլխիկոր ծառայածները դարձել են բարեպաշտ քաղաքական գործիչներ, սակավապետ օլիգարխները՝ մեծ սեփականատերեր կամ գործարարներ, նախապես կողոպուտի և ուրիշների բիզնեսների մեջ փայ մտածները՝ նվիրատուներ, չկայացածները՝ հեղափոխական ու դուխով տղաներ, ծախու վախկոտները՝ փողով հայհոյախառն ստատուս ու քոմենթ գրող, իսկ բանակից խուսափածները՝ Արցախյան ազատամարտի հերոսներին հայրենասիրություն քարոզողներ: Հասարակության խեղված արժեհամակարգը պետք է շտկվի»,- ասաց Խաչատուրյանը: