Աղվան Հովսեփյանի կալանքը երկարացվել է
Աղվան Հովսեփյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «2022 թվականի հունվարի 4-ին Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը դատավոր Դավիթ Արղամանյանն ակնհայտ ապօրինի կերպով երկարացրել էր ևս 2 ամսով, իսկ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Դավիթ Արղամանյանի որոշումը։
Ընդգծենք, որ սույն դատավորները որևէ տվյալ չունենալով, թե հաջորդ 2 ամիսների ընթացքում նախաքննական մարմինն ինչ գործողություններ պետք է կատարի և որքան ժամանակ է անհրաժեշտ դրանց կատարման համար, «փակ աչքերով» որոշել են, որ այդ չբացահայտված գործողությունները կատարելու համար քննիչին անհրաժեշտ է ևս 2 ամիս ժամանակ, ինչպես նաև, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում Աղվան Հովսեփյանը կարող է խոչընդոտել այդ չբացահայտված գործողությունների կատարմանը (նույնիսկ եթե օրինակ, քննիչը պետք է իր աշխատասենյակում փաստաթղթերի զննումներ կատարի կամ ինչ-որ փաստաթղթեր ստանալու հարցումներ կատարի, որոնց կատարմանն Աղվան Հովսեփյանն, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, չի կարող խոչընդոտել)։
Ուղղակի ակնհայտ էր, որ սույն դատավորներն ի վիճակի չեն Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործով արդար և օրինական որոշում կայացնել, ուստի նրանց երկուսին էլ ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել, որոնք նույն դատավորները մերժել են, համարելով, թե իրենք անկախ և անաչառ դատավորներ են կամ որ գոնե այդպիսին կարող են լինել հասարակության աչքում։
Քանի որ դատավորներ Դավիթ Արղամանյանն ու Արմեն Դանիելյանն իրենց որոշումներով ակնհայտ ապօրինի կալանքի տակ են պահում Աղվան Հովսեփյանին, ուստի հաշվի առնելով իրավապահ մարմինների կողմից ձևավորած նոր պրակտիկան, հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու խնդրանքով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին, նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցել քրեական գործ՝ ենթարկելով քրեական պատասխանատվության:
Ի լրումն վերը նշվածի, հարկ ենք համարում նշել, որ քրեական հետապնդման մարմինները ևս քաջ գիտակցում են, որ Աղվան Հովսեփյանն ակնհայտ ապօրինի է պահվում կալանքի տակ, ուստի որոշել են նրան կալանքի տակ պահելու ժամկետը հերթական անգամ ապօրինի երկարացնելուց առաջ առաջադրված մեղադրանքների շարքը համալրվել է ևս մի շինծու և ապօրինի մեղադրանքով։ Իսկ նպատակը հետևյալն է․ քանի որ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է 2022 թվականի մարտի 7-ին, ուստի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Աղվան Հովսեփյանի կալանքի տակ պահելու ժամկետը կրկին երկարացնելու համար ձևական հիմքեր ապահովելու նպատակով մինչև համապատասխան միջնորդությամբ դատարանին դիմելը, նրան նոր անհիմն մեղադրանք է առաջադրել մի դեպքով, որի վերաբերյալ տվյալները վաղուց են առկա քրեական գործում, սակայն այն նախկինում չեն դիտարկել որպես հանցագործութուն։
Իսկ ներկայումս, քանի որ մեղադրանքի կողմին և կալանքի ժամկետը երկարացնող դատավորին շատ խիստ է անհրաժեշտ նոր մեղադրանքը և կալանքի գոնե ձևական հիմնավորումը, ուստի նույն դեպքն արդեն իսկ որակվել է որպես հանցագործություն։
Հուսով ենք, որ սույն գործով հրապարակային դատաքննությունը շուտ կսկսի և հնարավորություն կունենանք հանրությանը ցույց տալ ոչ միայն այդ մեղադրանքների անհիմն լինելն, այլ նաև մատնացույց անել այն ակնհայտ խտրական վերաբերմունքը, որը քրեական հետապնդման մարմինների կողմից դրսևորվում է Աղվան Հովսեփյանի նկատմամբ, քանզի այդ մարմինները նույն արարքն այլ անձանց պարագայում այլ կերպ են որակում կամ չեն որակում որպես հանցագործություն, իսկ Աղվան Հովսեփայնի պարագայում դրանք, տարրական իրավաբանությունն անտեսելով, պարտադիր որակվում են որպես ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ»։