Բաժիններ՝

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը վստահ է՝ հայ հանրությունը կգնահատի Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի համերգը. հիմնադիրն առաջին անգամ է այցելել Հայաստան

Ռեմի Փանոսյանի ջազ տրիոն բացառիկ համերգներով հանդես կգա Երևանում: Ջազ տրիոյի համերգը ներկայացրել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Ջազի հայկական ասոցիացիան և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:

ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղյանն այդ առիթով կայացած ասուլիսում նշեց, որ ուրախ են հյուրընկալել Ռեմի Փանոսյանի ջազ տրիոյին: Նա ընդգծեց, որ 2022 թվականին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանան բազմաթիվ այլ համերգներ, կհնչի հիմնականում դասական, ջազ և ժողովրդական երաժշտություն:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի խոսքով՝ երկու երկրների դեսպանությունների և ֆրանսիական մշակույթի մեջ այս համերգը նշանավոր իրադարձություն է լինելու:

«Գիտեմ, որ ջազն այստեղ շատ գնահատված և արժևորված ժանր է։ Այս ոլորտում շատ հայտնի երաժիշտներ կան։ Պետք է ցույց տալ նաև ֆրանսիական մշակույթը: Այս առիթով էլ հրավիրել ենք Ռեմի Փանոսյան տրիոյին: Չնայած տրիոյի դրա անդամների երիտասարդ լինելուն՝ տրիոն հարուստ փորձ ունի»,- նշեց դեսպանը:

Դեսպանը Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի անդամներին որակեց նորարար և մի քիչ խենթ։ Նա առանձնացրեց, որ Տրիոն հրավիրում է մի անծանոթ և խենթ իրականություն, ու ինքը վստահ է, որ հայ հանրությունը կգնահատի նրանց երաժշտությունը:

Ռեմի Փանոսյանն էլ ասաց, որ ուրախ են վերջապես Հայաստան այցելելու համար: Վերջինս կարևորեց իր այցը Հայաստան։ Պատմեց, որ իր ընտանիքում ինքը հայկական ծագմամբ առաջին մարդն է, որ այցելում է Հայաստան: Ցավով հայտնեց, որ հայրը չի եղել Հայաստանում։ Իսկ պապը, ով գիտեր Հայաստանի մասին մի քանի տարի առաջ է մահացել։

«Ճիշտ է, մեր տրիոն աշխարհի տարբեր երկրներ ճամփորդել ու ելույթներ է ունեցել, բայց Հայաստանը մեր տրիոյի, մեզ համար խորհրդանշական երկիր է: Մի քանի տարի է, ինչ ուզում եմ Հայաստան գալ և շատ ուրախ եմ, որ այս առիթն ինձ ընձեռվեց նաև այն բանի շնորհիվ, որ տիկին դեսպանը մեզ նախկինում լսել էր: Շատ ուրախ եմ, որ կարող եմ իմ երաժշտությունը ներկայացնել հայ հանրությանը: Բացի դրանից առիթը օգտագործելու եմ, որպեսզի Հայաստանի պատմությանն ու մշակույթին հնարավորինս շատ ծանոթանամ: Հենց այսօր կայցելեմ Գառնի, որ ինֆորմացիայի մի ամբողջ պաշար հավաքեմ դստերս ու ընտանիքիս մյուս անդամներին պատմելու համար»,- նշեց նա:

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը կայանալիք համերգը որակեց հետաքրքիր։ Վստահեցրեց, որ ինտելեկտուալ երաժշտություն է հնչելու: Հույս հայտնեց, որ նման երաժշտություն մեր հայրենակից Ռեմի Փանոսյանը Հայաստանում ներկայացնում է առաջին, բայց՝ ոչ վերջին անգամ:

Դեսպան Անն Լույոն շնորհակալություն հայտնեց ֆրանսիական մշակույթի նկատմամբ ուշադրության համար, հիշեցրեց նաև մարտին մեկնարկող Ֆրանկոֆոնիայի օրերի մասին, որոնք կսկսվեն ֆրանսիական կինոյի ցուցադրությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս