«Զելենսկիի ռեժիմը գոյություն չի ունենալու». Ինչո՞ւ է ռազմաօպերացիան հասել Կիև, ի՞նչ խնդիր է դրել ՌԴ-ն, և ինչպե՞ս է դիրքավորվել Հայաստանը
«ՀՀ իշխանությունները վաղվա օրվա մասին չեն մտածում, երկարաժամկետ հաշվարկներ չեն անում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ մեկնաբանելով ռազմաքաղաքական իրավիճակը ռուս-ուկրաինական ֆրոնտում և Ռուսաստանի ռազմաքաղաքական խնդիրները:
Տարասովն ասաց, որ պատերազմական իրավիճակում սխալ կլիներ խոսել ռազմական իրավիճակի մասին, հատկապես, երբ տեղեկատվությանը տիրապետում են ռազմական գործիչները:
Հարցին, թե ինչո՞ւ է ռազմաօպերացիան հասել Կիևին, որն է Ռուսաստանի խնդիրը, Տարասովը պատասխանեց, թե Ռուսաստանը վարում է հանդարտեցման, դենացիֆիկացիայի, դեմիլիտարիզացիայի քաղաքականություն, ինչը նշանակում է, որ այն ռեժիմը, որը կա Ուկրաինայում՝ Զելենսկիի ռեժիմը, գոյություն չի ունենալու:
«Ռուսաստանը մտադիր չէ օկուպացնել այդ երկիրը, դարձնել սատելիտ, Ռուսաստանը կօգնի կառուցել նոր պետություն՝ ժողովրդավարական, չեզոք, լոյալ, ոչ ազգայնական: Մեզ համար դա լիովին բավարար է: Ռուսաստանը մտադիր չէ բռնակցել այդ տարածքները, մենք ճանաչել ենք Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը: Շատ հավանական է, որ Կիևի հաջորդ իշխանությունները կճանաչեն Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը, և կարելի է ենթադրել, որ ապագայում, ինչպես Ղրիմն արեց, այս տարածքները կցանկանան միանալ Ռուսաստանին:
Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքի մյուս մասին, ապա այդ առումով իրավիճակը բարդ է և կախված է լինելու արտաքին գործոններից: Եթե միայն Մոսկվային հաջողվի արագ ավարտին հասցնել օպերացիան, դա մեկ սցենար է, եթե իրադարձություններն այնտեղ այլ տեսք ու դինամիկա ստանան, երկարաձգվեն, դա այլ իրավիճակ է:
Չի բացառվում Լեհաստանի միջամտություն, Հունգարիա, Ռումինիա դեպի արևմտյան Ուկրաինա, որոնք իրենց զորքերը սահմանին են տեղակայել ու տարածքային նկրտումներ են հայտնում արևմտյան Ուկրաինայի նկատմամբ:
Սա անցանկալի տարբերակ է, սակայն այն կա:
Մենք հիմա բոլորս միասին հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, դեռ ամեն ինչ զարգանում է՝ ըստ ծրագրվածի»,- մեկնաբանեց Տարասովը:
Նրա խոսքով՝ երեկ ռազմաօպերացիայի առաջին օրն էր, ռազմական խնդիրը կատարվեց և նույնիսկ գերակատարվեց:
«Պետք է նշել, որ Լուգանսկի ու Դոնեցկի ուղղությամբ շատ ուժեղ դիմադրություն է ցույց տալիս ոչ թե կադրային բանակը, որի զինվորները հիմնականում հանձնվում են, այլ ազգայնական բատալյոնները, որոնք կորցնելու բան չունեն, որոնք վայրագություններ էին իրականացնում այդ տարածքներում, այնտեղ լուրջ իրավիճակ է, սակայն կան հաջողություններ: Ընդհանուր առմամբ իրավիճակը Ռուսաստանի համար դրական է զարգանում»,- ասաց ռուս քաղաքագետը:
Հարցին, թե ո՞վ կարող է լինել Ուկրաինայում Ռուսաստանին լոյալ իշխանություն, կա՞ն արդյոք թեկնածուների անուններ, որոնք շրջանառվում են ռուսական փորձագիտական և քաղաքական շրջանակներում, Տարասովն արձագանքեց՝ ասելով, թեև թեկնածուներ կան, սակայն դեռ վաղ է խոսել նրանց մասին:
«Այնտեղ կա Վիկտոր Մեդվեդչուկը, որը գլխավոր ընդդիմադիրն է՝ Պուտինի ընկերը, չի բացառվում, որ ժամանակավոր կառավարությունը նա կղեկավարի: Իսկ քաղաքական զարգացումների մասով Ուկրաինայում, կասեմ, որ այնտեղ պետք է անցկացնել հանրաքվե, փոխել սահմանադրությունը, նոր ընտրություններ իրականացնել, ստեղծել պետական նոր ստրուկտուրա, հավանական է, որ կձևավորվի ժամանակավոր կառավարություն՝ ստուգված մարդկանց ղեկավարմամբ, որոնք կիրականացնեն քաղաքական բարեփոխումներ: Սա կպահանջի մի որոշ ժամանակ: Սակայն, թե ինչպես, ինչ հերթականությամբ տեղի կունենա, հստակ ասելը դեռ վաղ է»,- ասաց Տարասովը:
Անդրադառնալով ՌԴ-Արևմուտք առճակատման ֆոնին Հայաստանի դիրքավորմանը՝ Տարասովն ասաց՝ քանի որ ՀՀ-ն, իր տպավորությամբ, չունի ԱԳՆ և քաղաքականապես հասուն ղեկավարներ, որևէ դիրքորոշում չի նկատվում, որևէ գնահատում չի իրականացվում:
«Ադրբեջանը, որը ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ չէ, անընդհատ հայտնվում է համաշխարհային քաղաքականության էպիկենտրոնում: Ալիևը, առաջ ընկնելով բոլորից, իր միջնորդությունն առաջարկեց Մոսկվային ու Կիևին, մեկնեց Կիև, հետո՝ Մոսկվա, դուրս եկավ Էրդողանի վրա, դարձել է Պուտինի մեծ բարեկամը, այլ հարց է, որ այդ միջնորդական առաքելությունը պահանջված չէր, բայց նրանք հստակեցրել են իրենց վերաբերմունքն այն հարցում, թե ով է ընկեր, ով՝ թշնամի: Իսկ Հայաստանում հնչո՞ւմ են քաղաքական հայտարարություններ Ուկրաինայում նացիզմի դեմ պայքարի վերաբերյալ: Ո՛չ: Ուրեմն Հայաստանը կարող է գնալ դեպի Արևմուտք:
Ձեր ռազմական գործիչները սիրում են ՆԱՏՕ-ի շտաբը, իսկ ՆԱՏՕ-ի շտաբում սովորեցնում են միայն պարտվել: Դա արևմտամետ, փակուղային քաղաքականություն է, չկա մեծ աշխարհայացք, չեն կարողանում գնահատել, հաշվել սեփական իրավիճակը՝ կիրթ ձևով գնահատելով աշխարհաքաղաքական իրավիճակը, որում հայտնվել են Ղարաբաղյան երկրորդ ողբերգությունից հետո: Դրանից հետո նույնիսկ չեն կարողանում ճիշտ հաշվարկներ անել, տպավորություն է, որ սա քաղաքականություն չէ, այլ էժանագին առևտուր: Դրա փոխարեն՝ Ալիևը դարձել է Հարավային Կովկասի առաջատար ղեկավարը:
Դուք հիանալի գիտեք, որ ես երբեք Ալիևի քաղաքականությունը չեմ հավանել, բայց ես այսօր գլխարկս հանում եմ նրա առջև»,- ասաց վերլուծաբանը:
Հարցին, թե ինչպե՞ս են Ռուսաստանում գնահատում ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման հարց չկա ՀՀ օրակարգում, Տարասովն արձագանքեց՝ ասելով, որ հաշվի առնելով Ղարաբաղի հարցը, հայերը պետք է այդ թեմայով ավելի մտածված քաղաքականություն վարեն:
«Բայց հայերը նույնիսկ Ղարաբաղը չճանաչեցին: Փաշինյանին պե՞տք է ընդհանրապես Լուգանսկը: Վաղվա օրը նրանք չեն կանխատեսում»,- ասաց Տարասովը:
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած ռազմական օպերացիայի երկրորդ օրն է Ուկրաինայում: Ռուսական ուժերը մոտենում են Կիևին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ միայնակ է դիմադրում Ռուսաստանին, և ՆԱՏՕ անդամ երկրները հստակորեն չեն նշում՝ կանդամակցի՞ արդյոք Ուկրաինան ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ: Արևմուտքը կոշտ պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Ռուսաստանի: