Էրդողանն ակնարկել է հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն աֆրիկյան երկրներ կատարած պաշտոնական այցերից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Դրանցից մեկը վերաբերել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առկա գործընթացին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լրագրողը Էրդողանից հետաքրքրվել է, թե որոնք են նրա սպասելիքները հայ-թուրքական բանակցություններից և իրականում ինչ դիրք է զբաղեցնում Ադրբեջանը «այդ հավասարման մեջ»:
Ի պատասխան՝ Էրդողանը մասնավորապես ասել է.
«Գիտեք, ես առանց այդ էլ ասել էի, որ մենք նույն կերպ կպատասխանենք Հայաստանի կատարելիք դրական քայլերին: Այս տարածաշրջանը կարիք ունի խաղաղության, կայունության ու բարեկեցության: Այս գիտակցումով մեր երկրի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթաց սկսելու համար անկեղծ ջանքեր սկսեցինք: Ադրբեջանի նախագահ, իմ եղբայր Իլհամ Ալիևն էլ է սա օգտակար համարում: Գոհ ենք նաև մեզ հետ կարգավորման գնալու Հայաստանի ցուցաբերած կամքից»:
Այնուհետև Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ հատուկ ներկայացուցիչների նշանակման, նրանց առաջին հանդիպման ու Վիեննայում սպասվող երկրորդ հանդիպման մասին.
«Գիտենք նաև, որ Հայաստանը որոշ կոնկրետ սպասելիքներ ունի, ինչպիսիք սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն են։ Եթե Հայաստանը վճռական մնա հատուկ ներկայացուցիչների նշանակումով սկսված գործընթացը շարունակելու հարցում, ապա մեզ համար սահմանները փակ պահելու հարց արդեն չի լինի: Մենք որոշեցինք մեր երկրների միջև վերսկսել ուղիղ թռիչքները մարդկային լավ հարաբերություններն ամրապնդելու համար»:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Հայաստանից ակնկալում են դրական մոտեցման շարունակություն։ Հույս է հայտնել, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները և Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կարող են առաջ շարժվել միմյանց փոխլրացնելով։
«Այսպիսով՝ տարածաշրջանային համագործակցության մեր գաղափարն էլ այս երկու գործընթացները կխթանի և այս երկու գործընթացներից կսնվի: Բոլորը պետք է կառուցողական գործեն այս պատմական հնարավորությունը լավ օգտագործելու համար: Մենք բոլոր այս գործընթացները շարունակելու ենք իրականացնել Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ, ինչպես միշտ է եղել և հետագայում էլ կլինի»: