Աննա Առաքելյանը նշանակվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Աննա Առաքելյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն:
Աննա Առաքելյանի կենսագրությունը՝ ստորև.
Աննա Առաքելյանն ունի կառավարման, հասարակական, մասնավոր և ակադեմիական ոլորտներում աշխատանքային հարուստ փորձ:
Մասնագիտական ուղին սկսել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարման» ամբիոնում, այնուհետև նույն ակադեմիայում ստանձնել է «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի մշակման և ղեկավարման գործընթացը։
ԿԳՄՍ-ի, ինչպես նաև ԵՄ և այլ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերում ներգրավվել է որպես զբոսաշրջության և մշակույթի ոլորտի փորձագետ:
ՄԱԿ, ՄԱԶԾ և ԵՄ ծրագրերի շրջանակներում անցկացնում է թրեյնինգներ զբոսաշրջության, մշակույթի, մարքեթինգի և էկոլոգիական կրթության ոլորտներում։
Զբոսաշրջության ոլորտում հանդիսանում է Հոլանդական ավագ խորհրդատուների կազմակերպության կողմից որակավորված թրեյներ։
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դասախոսում է «Կայուն զբոսաշրջություն», իսկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում՝ «Մշակույթի կառավարում» և «Հաղորդակցության և կառավարչական հմտություններ» առարկաները:
Աննա Առաքելյանն ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը՝ Թարգմանչական գործ մասնագիտությամբ։ Այնուհետև գերազանցությամբ ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով մագիստրոսի կոչում հանրային կառավարում մասնագիտությամբ: Ընդունվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրա՝ տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ։ Հրատարակել է մի շարք գիտական հոդվածներ։
Հանդիսանում է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի շրջանավարտ։