Բաժիններ՝

Իմ մանկության հրեշտակը

Երբ փոքր էի, մորս միշտ խնդրում էի գիշերը կողքիս պառկել։ Իսկ նա ասում էր, որ երեքով չենք տեղավորվի, որ մեր մեծ հրեշտակը կնեղանա, եթե քնելիս նրան տեղ չտանք: Դրանից հետո ես միշտ քաշվում էի դեպի պատը՝ ինձանից աջ տեղը թողնելով, որպեսզի հրեշտակս չընկներ: Երեխայական իմ պատասխանից մայրս ժպտում էր, ու այդ ժպիտի մեջ հենց այդ տարիքից սկսած ճանաչում էի նաև իմ հրեշտակի ժպիտը, որին երբևէ չէի տեսել, բայց զգում էի: Մինչև այսօր էլ ես դեպի պատն եմ քնում՝ անկողնումս տեղ թողնելով մանկությանս հրեշտակի համար:

Մարդու խորքային էությունը հոգևոր արժեքներ ունենալն է։ Յուրաքանչյուր մարդ, քիչ թե շատ, ունի որոշակի հավատալիքներ ու արժեհամակարգ, որոնք մեծամասամբ ձևավորվում են վաղ հասակից։ Հիշում եմ, որ տատիկս միշտ ասում էր, որ ձախ կողմի վրա քնեմ, երբ հարցնում էի ՝ ինչո՞ւ, շատ լուրջ դեմքով պատասխանում էր, որ չար հրեշտակին խեղդեմ: Այդ ժամանակ փոքր էի և չէի հասկանում, թե ինչո՞ւ է պետք բարի հրեշտակին չնեղացնել, իսկ չարին՝ խեղդել։ Գուցե այս ամենը հեքիաթային է թվում, բայց եթե մի պահ հայացք նետենք մեր կյանքին, առօրյային, կտեսնենք, որ ամեն պահի չարի ու բարու կռիվ ենք տալիս։ Ամեն վայրկյան, անկախ մեր կամքից, կռվի մեջ ենք ու փորձում ենք խեղդել չարին: Անկախ կրոնական և աստվածաբանական տարատեսակ կարծիքներից՝ յուրաքանչյուրս էլ երբեմն զգում ենք ինչ-որ զորավոր պաշտպանիչ ուժ՝ կարգված մեր Երկնային Հորից:

Աստված Իր իմաստուն տնօրինության համաձայն կամեցավ, որ հրեշտակները գործուն մասնակցություն ունենան մեր մարդկային պատմությանը՝ մանկությունից մինչև ծերություն։ Երբ տեղի ենք տալիս չարին ու հենվում «ձախին», մեր հրեշտակի լույսը խամրում է, իսկ երբ հենվում ենք «աջին» ու մեր հրեշտակի կողքին ենք, նրա լույսը դառնում է մեր լույսը և ճնշում է խավարը: Իսկ ինչպե՞ս կարելի է ավելացնել այդ լույսը: Թերևս, Քրիստոսին մեր կյանքում ունենալով՝ որպես աշխարհում ամենաբարի և ամենակարող Պահապանի ու աղոթելով.

«Աստծո հրեշտակ, որ իմ պահապանն ես, լուսավորիր, պահպանիր, առաջնորդիր և ղեկավարիր ինձ, որ քեզ եմ վստահվել Աստվածային Բարության կողմից: Ամեն»:

qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս