Ապաշրջափակման հետ կապված հնարավորությունները տեսանելի են. Մհեր Գրիգորյան
Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման և մասնավորապես երկաթգծի բացման հնարավորությունները տեսանելի են: Ինչպես Վանաձորից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքերը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբերյալ:
Փոխվարչապետի խոսքով՝ այս պահի դրությամբ նոր համաձայնություններ չկան, բայց ամեն դեպքում հարցի վերաբերյալ պայմանավորվածությունները ստանալու են գրավոր ձևակերպում՝ ըստ իրավական պահանջների:
«Կան ընդհանուր սիմետրիկ ընկալումներ առ այն, որ ապաշրջափակման, մասնավորապես՝ երկաթգծի [բացման] հետ կապված հնարավորությունները տեսանելի են, և ըստ այդմ, իհարկե, նման միջոցառում սկսելուց առաջ պետք է լինի նաև պայմանավորվածության գրավոր ձևակերպում, որովհետև ներդրումները մեծ են և ենթադրում են պայմանավորվածության ձևակերպում», – ասել է Մհեր Գրիգորյանը:
Հարցին՝ կոնկրետ համաձայնություններ այս պահի դրությամբ կա՞ն, փոխվարչապետը պատասխանել է, որ այս պահի դրությամբ բոլոր համաձայնությունների վերաբերյալ եղել են պաշտոնական հայտարարություններ:
Մհեր Գրիգորյանը հղում է արել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի միջև Սոչիում 2021 թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ձեռք բերված և 2021 թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությանը երկաթուղու վերագործարկման մասին:
«Մասնավորապես Բրյուսելյան հայտարարությունը հստակ ասում է այն պայմանավորվածության, կողմերի այն մոտեցումների մասին, որոնք վերաբերում են երկաթգծին», – մեկնաբանել է փոխվարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա՝ փետրվարի 17-ի նիստում հույս էր հայտնել, որ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և դե յուրե գործընթացն արդեն ամբողջ թափով կծավալվի:
«Գիտեք նաև, որ մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: Ըստ էության, չնայած տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել ենք, առաջիկայում հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի», – ասել է նա:
Փետրվարի 9-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտնել էր, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, որն արդեն զբաղվում է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով:
2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ռուսական կողմի միջնորդությամբ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները հայտարարել էին, որ իրենք բարձր են գնահատել 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը և ընդգծել են տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը:
Դեկտմեբերի 14-ին եվրոպական կողմի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը:
«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո: Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն», – նշել էր Փաշինյանը: