«Ինչպե՞ս են ընդունում մի պետության ներկայացուցիչների, որոնք ներխուժել են քո պետության սուվերեն տարածք և դուրս չեն գալիս». Սոֆյա Հովսեփյան

Փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:

168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով Երևան ադրբեջանցի պատգամավորների այցին՝ նկատեց.

«Ինչպե՞ս են ընդունում մի պետության ներկայացուցիչների, որոնք ներխուժել են քո պետության սուվերեն տարածք և դուրս չեն գալիս, ով քո ռազմագերիներին բռնի պահում է բանտերում ու չի վերադարձնում, ով խոսում է սարսափելի դաժան հռետորաբանությամբ, որքան հնարավոր է՝ բռնության կոչերով։

Այսքանով հանդերձ, նման գործողություններ իրականացնող պետության ներկայացուցչի դեմ բացում են իրենց տան դուռը և ներս են թողնում։ Նրանց հետ ի՞նչ պետք է քննարկեն, իհարկե, եթե այդ ամենը չլիներ, ապա Ադրբեջանի ներկայացուցչի գալը, որպես հարևան երկրի ներկայացուցիչ, նորմալ կդիտարկվեր։ Բայց երբ գոյություն ունեն այսքան փաստեր, առհասարակ ադրբեջանական կողմի հետ որևէ հարաբերություն համարում եմ աբսուրդ։ Այսպես մենք թուլանում ենք, թուլացնում մեր զինվորին, բնակչին, անվտանգությունը, իսկ դա անում է  իշխանությունը՝ նպաստելով Ադրբեջանի շահերին»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։

Ըստ նախկին պատգամավորի՝ միջազգային կառույցները ցանկանում են, որպեսզի մեկը մյուսին ընդունեն, սակայն Հայաստանը պետք է հասկանա՝ միջազգային կառույցների ցանկությո՞ւնն են ուզում կատարել, թե՞ ամրացնել երկրի անվտանգությունն ու պետականությունը և մի քիչ էլ՝ ողնաշարը, որը կոտրել են։

«Այո, միջազգային կառույցների համար ձեռնտու է, որ ադրբեջանցիները լցվեն Հայաստանի սահմաններից ներս ու մեզ հետ ապրեն, հիմա մեզ համար սա ընդունելի՞ է, շահավե՞տ է, արդյո՞ք մեր պետության անվտանգության համար սա մեծ ռիսկ չէ։ Եթե չեմ սխալվում,  2017 թվականին Հայաստանից պատվիրակություն էր մեկնել Բաքու՝ ՀՀ ԱԺ պատգամավորներից բաղկացած, որի կազմում էր նաև Արմեն Աշոտյանը։ Սակայն այժմ իրավիճակը բոլորովին այլ է, մեկ բան է, երբ դու այդ հանդիպմանը գնում ես ու խոսում հավասարը հավասարի հետ, մեկ բան, երբ դու տանդ դուռը բացում ես մարդկանց առջև, երբ նրանք զինված ներխուժել են երկրիդ սուվերեն տարածք։ Առաջին հերթին թող առաջնորդվեն սեփական երկրի շահերով, այնդուհետև խոսեն այլ հարցերի մասին»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերին Եվրանեսթ ԽՎ սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կազմակերպած համաժողովին մասնակցելու նպատակով Բաքու էին մեկնել այդ ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը և «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:

Տեսանյութեր

Լրահոս