«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ՝ ծանոթանալու Բերքաբեր և Բաղանիս համայնքներում իրականացվող կենսական նշանակություն ունեցող ջրամատակարարման ծրագրերի շինաշխատանքների ընթացքին:
Այս մասին հայտնում են հիմնադրամի գրասենյակից, մանրամասնելով, որ Բերքաբեր համայնքում հանդիպել են համայնքի ղեկավարի հետ և հետևել պոմպակայանի, բաշխիչ ավազանի և խողովակաշարերի շինարարական աշխատանքներին, նաև քննարկել հեռանկարային ծրագրեր:
Նշվում է, որ Բերքաբերում իրականացվող ջրամատակարարման ծրագիրը նպաստում է ոռոգելի հողատարածքների ընդլայնմանը: Ծրագրի ավարտից հետո ոռոգելի հողատարածքները կավելանան ավելի քան 140 հեկտարով:
Հաջորդիվ հիմնադրամի թիմն այցելել է Բաղանիս համայնք: Ծանոթացել է խմելու ջրի համար նախատեսված գլխամասային կառուցվածքի և մոտեցնող ջրագծի շինարարական աշխատանքների ընթացքին: Տվյալ ծրագրի իրականացումից հետո Բաղանիս համայնքը կունենա նոր արտաքին ջրագիծ, ինչը կապահովի համայնքի 24–ժամյա ջրամատակարարումը:
3200մ երկարությամբ նոր ջրագծի շինարարությունը սկսվել է նախորդ տարվա հոկտեմբերից, աշխատանքն ընթանում է բարդ ռելիեֆային, երբեմն նույնիսկ տեխնիկայի համար անհասանելի պայմաններում, մոտ 1400 մետրն անցնում է անտառապատ տեղանքով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է կենսական նշանակության ծրագրեր իրականացրել թե՛ ՀՀ և թե՛ Արցախի տարբեր համայնքներում: