Այս երկրում բոլորը պետք է հասկանան, որ մարդու գրպանը մտնելուց առաջ դուռը պետք է ծեծել, հարցնել, բացատրել, հիմնավորել. Վարորդները կրկին բողոքի ակցիա կիրականացնեն
Փետրվարի 18-ին վարորդները բողոքի ակցիա կիրականացնեն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի դիմաց՝ պահանջելով կասեցնել ԱՊՊԱ-ի թանկացման որոշումը:
«Այս երկրում բոլորը պետք է հասկանան, որ մարդու գրպանը մտնելուց առաջ դուռը պետք է ծեծել, հարցնել, բացատրել, հիմնավորել։ Հետո, թե ինչ կլինի՝ դա արդեն հարցի մյուս կողմն է։ Չենք վստահում ո՛չ ակտուարական հաշվարկներին, ո՛չ էլ բյուրոյի խորհրդին։ Ապահովագրական բյուրոն մի հիմնարկ է, որի ղեկավարն ու խորհուրդը հաշվի չեն նստում ժողովրդի կարծիքի հետ: Հայաստանի նորանկախ պատմության մեջ դեպք չի գրանցվել, երբ թանկացումից ու մարդու վիճակը վատթարացնող օրենքից ոչ ոք տեղյակ չլինի։ Սիրուն բան չեն անում»,- 168.am-ի հետ զրույցում ասացին վարորդները:
Նրանց փոխանցմամբ՝ Ազգային ժողովից հետո առաջարկ են ստացել Կենտրոնական բանկից՝ ԿԲ-ի ներկայացուցչի ներկայությամբ ու միջնորդությամբ Ապահովագրական բյուրոյի հետ բանակցելու համար:
Մինչ այս՝ փետրվարի 14-ին, Ազգային ժողովում կայացած հանդիպման ժամանակ ԱՊՊԱ բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը տեղեկացրեց, որ բազային ապահովագրավճարի վերին շեմն ավելացվել է 3000 դրամով․
«Մինչև այս կար վերին և ներքին շեմ։ Հրաժարվել ենք ներքին շեմից։ Ապահովագրավճարների վերին շեմը սահմանված էր ապահովագրական ընկերությունների ախորժակը զսպելու համար, իսկ ներքին շեմը՝ ֆինանսական կայունության համար։ Ներքին շեմից հրաժարվել ենք՝ հաշվի առնելով այս ֆինանսական փոփոխություններից ակնկալվող մրցակցության արդյունքում հնարավոր կատարումները։ Կայունության տեսանկյունից էլ համարվել է, որ բավարար գործիքներ կան դրա ապահովման համար»։
ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետ Վահան Ավետիսյանն էլ ասաց.
«Լավ առիթ է՝ ասելու, թե ինչու է ԱՊՊԱ-ն հաջողել։ Դրա նպատակն առաջին հերթին ՃՏՊ-ների հետևանքով տուժածների շահերի պաշտպանությունն է։ Մարդիկ վնասներ էին կրում և ընկնում դատական քաշքշուկների մեջ։ Սա է առաջնային նպատակը: Մեր գնահատմամբ՝ ազդեցությունը ճանապարհային երթևեկության կարգապահության վրա բարձր չի։ Որակական փոփոխությունները, որոնք պետք է լինեն փորձաքննություններում, կարիք ունեն նոր չափանիշների։ Վնասների փորձաքննության ոլորտում հին ավտոպարկի հետ կապված խնդիրներ կան, որոնք արտացոլում են գտնում ԱՊՊԱ համակարգի գնագոյացման մեջ»։
Վահան Ավետիսյանի խոսքով՝ ԿԲ-ին մտահոգում է այն, որ ապահովագրավճարների գործող մոդելը բավականին հնացած է․ «Սկզբում այն ներդրվել էր այն պայմաններում, երբ վթարների իրական վիճակագրություն չկար, պարզ չէր, թե ԱՊՊԱ ընկերություններն ինչ միջավայրում և ինչ հնարավոր վնասներ կկրեն։ Հիմա ենթակառուցվածքները կան, և այլևս վտանգավոր է միասնական սակագինը պահպանելը։ ԱՊՊԱ ընկերությունները պետք է մրցեն՝ ապահովագրական սակագին սահմանելու գործընթացում։ Սա թույլ կտա ի շահ սպառողների շատ ճշգրտումներ անել։ Սա, իհարկե, չի նշանակում, թե ապահովագրական ընկերություններն ինչ գին ուզեն՝ կորոշեն»։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ից ԱՊՊԱ-ն թանկացավ 3000 դրամով: Այս մասին հունվարի 27-ին հաղորդագրություն էր տարածել Հայաստանի ավտոապահովագրական բյուրոն: Բոնուս-Մալուս համակարգի փոփոխություններն էլ կլինեն մարտի 1-ից: Այս որոշումն առաջացրել է վարորդների դժգոհությունը, քանի որ, ըստ նրանց, թանկացումն անհիմն է: