Բաժիններ՝

Որևէ հսկողություն չկա՞, կրա՞կն ենք ընկել. Քաղաքացիները դժգոհում են  բնակարանների վարձերի թանկացումից

2020 թվականից սկսած՝ հատկապես Երևանում կտրուկ աճել են վարձով բնակարանների գները: Եթե նախկինում հնարավոր էր 2 սենյականոց և հին վերանորոգմամբ բնակարանի համար վճարել 60-90.000 դրամ, հիմա ստիպված են վճարել 120.000-140.000 դրամ:

«Չեմ հասկանում, որևէ հսկողություն չկա՞, կրա՞կն ենք ընկել, որ բնակարանի խնդիր ունենք ու ստիպված ենք վարձով բնակվել: Այնպիսի գներ են սահմանում, որ հազիվ հասցնես դա վճարել ու կոմունալները, և վերջ. Ո՛չ պետք է առողջությանդ հետևես, ո՛չ հագուստ գնես, ո՛չ հանգստանալու գնաս: Տներն էլ հո տուն չեն, խայտառակություն»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը:

«Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովն այս ամենը բացատրում է մեկ նախադասությամբ՝ պահանջարկը մեծ է:

«Առհասարակ անշարժ գույքի շուկայում ընդունված է, որ երբ մարդիկ գույք են ձեռք բերում, այդ գույքը պետք է տարեկան 5-10 տոկոս եկամտաբերություն ապահովի: Ամբողջ աշխարհում է այդպես: Երբ սեփականատերն արդեն ինվեստիցիա է անում, հաշվի է առնում, թե այդ բնակարանն ինչքան եկամուտ կբերի իրեն: Եթե քիչ եկամուտ բերի, բնականաբար, գնորդն արդեն պետք է ուրիշ ներդրում անի կամ գումարը բանկում դնի, ու այս դեպքում էլ, միանշանակ, 5-10 տոկոս եկամուտը բանկը կապահովի:  Թանկացումը և՛ սրանից է կախված, և՛ պահանջարկի մեծ լինելուց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրենը:

Հարցին՝ եթե մարդու միջին աշխատավարձը 68.000 է, ի՞նչ տրամաբանությամբ են վարձով բնակարանների գները, ասենք, 150.000 դրամ, Անդրանիկ Հարությունովը պատասխանեց.

«Եթե ձեր շրջապատում փնտրեք, 68.000 դրամ աշխատավարձ ստացող կարող է 100-ից մեկը լինել, եթե կես դրույքով ինչ-որ մի տեղ աշխատում է: Տեսեք, շուկայում գները որոշվում են՝ ըստ պահանջարկի: Եթե ինչ-որ մեկի աշխատավարձը 68.000 դրամ է, դա ոչ մի սեփականատիրոջ խնդիրը չէ: Մարդը գույք է գնել ու դա վարձակալության է հանձնում իրեն հարմար գնով, ասենք, 1 միլիոն դրամով: Բայց իրականությունն այն է, որ այդ գները հիմնականում կարգավորվում են՝ ըստ պահանջարկի: Բնակարանների վարձակալության պահանջարկը մեծ է, ու վարձակալներն էլ նշված գներով վարձակալում են: Եկեք փորձենք 120.000 դրամով Ավանում կամ Նոր Նորքում նորմալ կահավորված 2 սենյականոց բնակարան փնտրենք. ահագին բարդ կլինի: Դա պահանջարկի շատ լինելուց է ու նորմալ է»:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանից էլ հետաքրքրվեցինք՝ կամայական գին սահմանելը, հարկերը չվճարելը նորմա՞լ է, ինչպե՞ս կարելի է կարգավորել այս դաշտը, մեխանիզմներ պետք չէ՞ մշակել, ասենք, տանել հարկային դաշտ, նա պատասխանեց, որ Հայաստանն ունի դեֆիցիտային տնտեսություն, չկան տնտեսական հնարավորություններ՝ չեզոքացնելու այդ ազդեցությունը:

«Տեղի են ունենում համաշխարհային գործընթացներ, օրինակ, թանկացումը, որոնց վրա Հայաստանն ազդել չի կարող: Այստեղ փորձել չեզոքացնել՝ կարելի է, բայց անիմաստ է, որովհետև Հայաստանը նման հնարավորություններ իրականում չունի:  Ինչ վերաբերում է բնակարանների գներին ու այս ամենը հարկային դաշտ տանելուն՝ ասեմ, որ հիմա ամեն ինչ հարկային դաշտ մտցնելու փորձ կա, բայց պետք է գիտակցել, որ եթե հիմիկվա կարգավորումներով 10 տոկոսանոց հարկով հարկային դաշտ մտցնենք վարձակալներին, ապա դա էլ ավելի մեծ հարված է լինելու ՀՀ ժողովրդի բարեկեցությանը:

Իրականում կարգավորումներն ընդունվել են, որպեսզի Հայաստանում տարածքներ վարձող ընկերությունները վճարեն, որովհետև իրենք ամբողջությամբ հարկային դաշտում են գտնվում: Հիմա եթե սկսեն քաղաքացիները վճարել, ապա լուրջ պրոբլեմ է դառնում, որովհետև, վերջին հաշվով, այդ վճարը գալու է բնակարան վարձողների «վզին». 150.000 դրամ արժողության վարձով բնակարանը դառնալու է 165.000: Այնպես որ, սա լուծում չէ, և առհասարակ, ստվերային տնտեսության դեմ պայքարը տնտեսական աճի լուծում չէ, դա լուծում է, որպեսզի բյուջեն լցվի: Ստվերային տնտեսության դեմ պայքարը նաև խփում է տնտեսությանը. իր համար լրացուցիչ բեռ է, չնայած օրինական է:

Եթե մենք ուզում ենք տնտեսական աճ ունենալ, ապա պետք է զարգացնենք տեխնոլոգիաները, ձեռնարկատիրությունը և դրսից ռեսուրսներ բերենք:

Պետք է հասկանանք, որ սա շուկա է, և քանի որ մենք շուկայական տնտեսությունում ենք գործում, դրա լուծումը հետևյալն է. պետք է ավելացվի բնակարանների առաջարկը, օրինակ՝ նոր շինարարությունը շատ պետք է լինի, աշխատավարձերը բարձրանան, որպեսզի մարդիկ ի վիճակի լինեն վճարել, սակայն հարկերով այս հարցը, մեկ է, չի լուծվի, վիճակը միայն կբարդանա»,- նկատեց Հրանտ Միքայելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս