Ինչ հարցեր է քննելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը
Ազգային ժողովում ընթանում է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի առաջին նիստը: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի Անդրանիկ Քոչարյանն ընթերցեց Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանին ուղարկված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը.
«Հարգելի՛ պարոն Արշակյան, ղեկավարվելով Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝ ներքոստորագրյալ պատգամավորներս միացել ենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծելու առաջարկությանը։
Հանձնաժողովի քննության առարկան է՝
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները:
- Արձանագրված անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները և դրանց նպաստող պայմանները։
- Պաշտպանության ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը։
- Զինվորական ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը և համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին:
- Ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն:
- Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն:
- Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը։
Հանձնաժողովի իրավասության ոլորտն է՝
- Պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, կոլեգիայի և ռազմական խորհրդի հաշվետվությունները, փաստաթղթերը, զեկուցագրերը և այլն (այդ թվում գաղտնիության ռեժիմ ունեցող)
- Պահանջել համապատասխան քննչական մարմիններից պատերազմական գործողությունների ընթացքում հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների մասին տեղեկատվություն։ Անհրաժեշտության դեպքում հրավիրել քննչական մարմինների պաշտոնատար անձանց:
- Հանձնաժողովի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:
- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով քննիչ հանձնաժողովին վերապահված այլ լիազորություններ։
Հանձնաժողովի լիազորությունների ժամկետ սահմանվել է 6 ամիս:
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը իրավասու է ժամկետը ևս 6 ամսով ավելացնել: